Ռուսներն ու եվրոպացիները՝ ԱԺ-ում

Այսօր ԱԺ-ում միաժամանակ երկու միջոցառում էր տեղի ունենում. Ոսկեզօծ դահլիճում ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստն էր, իսկ դրա հարևանությամբ՝ ԱԺ պատգամավորների մի խումբ ԱԺ Եվրոինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի նախաձեռնությամբ հանդիպում էր ԵՄ խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի անդամների հետ, ովքեր Հայաստանում էին գտնվում փաստահավաք առաքելությամբ: Սա հայկական կոմպլեմենտարիզմի կամ «և-և»-ի դրսևորման դասական օրինակ է:

Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԵՄ Խորհրդի ներկայացուցիչներին հետաքրքրում է մի հարց. ինչպես են Հայաստանում պատկերացնում ԵՄ-ի հետ հետագա համագործակցությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո: Ըստ Զոհրաբյանի՝ Հայաստանի իշխանությունները տարբեր ամորֆ ձևակերպումներ են տալիս առ այն, որ հայերը եվրոպական արժեհամակարգ ունեցող ժողովուրդ են, որ Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԵՄ-ի և նրան անդամակցող երկրների հետ, սակայն այդ դեկլարատիվ հայտարարություններից հասկանալի չէ, թե մինչև որ աստիճանն է պատրաստ Հայաստանը խորացնել իր համագործակցությունը ԵՄ-ի հետ: ԵՄ խորհրդի պատվիրակության ղեկավար Պետերի Վուորիմակը ևս հայտարարեց, որ իրենք հարգում են Հայաստանի ինքնիշխան որոշումը, թերևս, նկատի ունենալով ԵՏՄ-ին անդամակցության որոշումը, սակայն եկել են Հայաստան և ուզում են իմանալ, թե ինչ մոտեցում կա Հայաստանում ԵՄ-ի հետ հետագա հարաբերությունների հարցում:

Բայց արդյո՞ք եվրոպացի չինովնիկները և պաշտոնյաները ստացան իրենց հարցի պատասխանը: Սկսենք նույն Նաիրա Զոհրաբյանից, ով ներկայացրեց ԲՀԿ տեսակետը: Նա ասում է, որ 2013թ. սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված փաստաթուղթն անակնկալ էր Հայաստանի հասարակության և քաղաքական ուժերի մեծամասնության համար, քանի որ մինչ այդ երկրի նախագահը ո՛չ խորհրդարանական ուժերի հետ, և ո՛չ էլ այլ ֆորմատով քննարկում չի անցկացրել: Ըստ Զոհրաբյանի, այս որոշումն անակնկալ է եղել նաև ԵՄ պաշտոնյաների համար: Որպես ասվածի հավաստիացում՝ նա նշեց, որ իրենք խոսել են ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման վերջում Նաիրա Զոհրաբյանն ավելացրեց նաև, որ ինքը ևս համամիտ է հնչեցրած այն տեսակետների հետ, որ պետք է ստորագրվի ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը:

Այս տեսակետը, ի դեպ, այնքան էլ չի տարբերվում իշխանությունների տեսակետից, քանի որ այս հանդիպմանը ներկա ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը ևս կողմ արտահայտվեց քաղաքական բաղադրիչի ստորագրմանը: Նա միայն հայտարարեց, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին անակնկալ չէր, և ԵՄ բոլոր երկրներն էլ գիտեին, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է: Անտեղյակ կամ տեղյակ լինելու խնդրի շուրջ մի փոքր քննարկում ծավալվեց դահլիճում, և Նաիրա Զոհրաբյանը հեգնեց՝ ասելով, որ պարզվում է, բոլորն իմացել են, բայց իրականում ոչ ոք տեղյակ չի եղել:

Կարդացեք նաև

Բայց Գագիկ Մելիքյանի ասածն այլ բան էր նշանակում. նա, թերևս, նկատի ուներ, որ Եվրոպայում բոլորը գիտեին, որ Հայաստանը Ռուսաստանից չի պոկվելու, և այդ իմաստով՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության որոշումը չէր կարող նրանց համար անակնկալ լինել:

Իսկ ի՞նչ էին ասում ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, այն մարդիկ, ովքեր կողմ են եղել Հայաստանի ԵՄ ասոցիացմանը և հրապարակայնորեն հայտարարել են դրա մասին: Նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» խմբակցության անդամ և ՀՀՇ խորհրդի նախագահ Ալեքսանդր Արզումանյանն ասում է, որ Հայաստանի որոշումը՝ անդամակցել ԵՏՄ-ին, չի եղել ինքնիշխան, քանի որ Ռուսաստանը թույլ չի տվել, որ Հայաստանն ինքնիշխան որոշում կայացնի:

Ըստ Արզումանյանի, այդ որոշումը կայացվել է սպառնալիքի տակ: Որպես այդպիսի սպառնալիքի իրականացման օրինակ՝ նա նշեց այսօր Ուկրաինայում զարգացող իրադարձությունները: Ա. Արզումանյանը համարում է, որ Եվրոպան պետք է հասկանա, թե ինչ իրավիճակում է գտնվում Հայաստանը, և կրկնակի չպատժի մեզ: Նա առաջարկեց, որ մինչև տարեվերջ ստորագրվի Եվրոասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, և, որպեսզի շարունակվեն աշխատանքները ԵՄ և ԵՏՄ մաքսային ռեժիմների ներդաշնակեցման ուղղությամբ:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ, անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն ասում է, որ ԵՏՄ-ն ոչ թե ռուսական պետության պրոյեկտ է, այլ «պուտինյան ռեժիմի պրոյեկտ, որը, ամենայն հավանականությամբ, կդադարի գոյություն ունենալ այդ ռեժիմի վախճանից հետո»: Նա ևս եվրոպացիներին կոչ է անում անել հնարավորը, որպեսզի Հայաստանն անմասն չմնա ԵՄ-ի հետ ինտեգրացիոն գործընթացներից, քանի որ ԵՏՄ հեռանկարը մշուշոտ է:

«Ժառանգություն» խմբակցության անդամ մեկ այլ պատգամավոր` Թևան Պողոսյանը ևս, կոչ է անում ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, և առաջարկում է Հայաստանի հետ հարաբերություններում անհատական մոտեցում դրսևորել և ոչ թե՝ վանել Հայաստանին այն բանի համար, որ Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին: Նա առաջարկում է նաև, որ Եվրամիությունը շարունակի ինստիտուցիոնալ օժանդակությունը Հայաստանի օրենսդրության, մարդու իրավունքների և նման այլ հարցերում, ինչպես նաև կոչ է անում հավատարիմ մնալ խոստմանը և հրավիրել դոնոր երկրների կոնֆերանս ու հետամուտ լինել, որ հավաքված գումարները ծախսվեն ըստ նպատակի: Պարզ ասած, Թևան Պողոսյանն ասում է՝ փող եք խոստացել, տվեք, հաշվի չառնելով, որ Հայաստանն էլ խոստացել է եվրոասոցիացվել, բայց անդամակցել է ԵՏՄ-ին:

ՀԱԿ խմբակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ կարծում է, որ ինտեգրվում են ոչ թե պետությունները, այլ ժողովուրդները, և այդ իմաստով, ըստ նրա՝ հայ ժողովուրդն ինտերգրվում է և՛ Եվրոպային, որտեղ ապրում է 2 միլիոն հայ, և՛ Ռուսաստանին, որտեղ նույնքան հայ է ապրում, և՛ ԱՄՆ-ին, որտեղ ևս ապրում է 2 միլիոն հայ: Ըստ Մանուկյանի՝ Հայաստանում ևս 2 միլիոն հայ է ապրում: Այսպիսով, Մանուկյանի ասածներից ստացվում է, որ հայ ժողովուրդն իր էությամբ է կոմպլեմենտար և չի թողնում, որ հավասարակշռությունը որևէ կողմ թեքվի, թեև հանուն ճշմարտության՝ պետք է ընդունել, որ Ռուսաստանում ապրող հայերի թիվը կարող է գերազանցել 2 միլիոնը, բայց այդ երկրում առաջացած տնտեսական դժվարությունները շուտով կհավասարակշռեն ստեղծված դիսբալանսը, և հայերի մի մասը կտեղափոխվի Եվրոպա կամ ԱՄՆ:

Խոսելով Եվրոպայի նկատմամբ հայ հասարակության անվստահության պատճառների մասին, Մանուկյանն ասում է, որ եվրոպական կառույցներն աջակցություն են ցուցաբերել Հայաստանի չընտրված իշխանություններին, երբ տեսնելով ընտրական խախտումները՝ աչք են փակել դրանց վրա, տեղյակ լինելով, որ 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի սպանությունը բացահայտված չէ, կամ կան 150 քաղբանտարկյալներ, սակայն նրանք չեն խոսել դրա մասին:

Եվ Եվրոպայի ու եվրոպական կառույցների նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը նա կապում է եվրոպացիների՝ Հայաստանի նկատմամբ դրսևորած վերաբերմունքի փոփոխությանը: Իհարկե, եվրոպական կառույցները հաճախ ոչ այնքան օբյեկտիվ են եղել իրենց գնահատականներում, բայց կարելի է կարծել, որ Ռուսաստանի իշխանությունները մշտապես դատապարտել են ընտրախախտումները, կամ հատուկ իրավական աջակցություն են ցուցաբերել մարտի 1-ի սպանությունների բացահայտման գործում, իսկ բանտերում գտնվողներին հռչակել են քաղբանտարկյալ, այդ պատճառով ՀԱԿ-ը որևէ անգամ նման հարց չի բարձրացրել Ռուսաստանից եկած պատվիրակությունների առաջ:

Նշենք, որ եվրոպացիները ընդամենը լսողի կարգավիճակում էին և, ըստ էության, որևէ կերպ չարձագանքեցին հայ պատգամավորների հայտարարություններին:

 

 

Տեսանյութեր

Լրահոս