Վահան Պողոսյան. «Բնակիչը որքան իր իրավունքի ճիշտ պահանջատերը լինի, այնքան առողջ կլինի»

Համոզված է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վահան Պողոսյանը

«Բնակչությունը պետք է իր իրավունքները շատ լավ իմանա, և որքան լավ իմանա, այնքան մեր գործը հեշտ կլինի, մենք կունենանք որակյալ, պարկեշտ, ժպտերես ու բարեհամբույր բժիշկներ և բուժքույրեր, բնակիչներն էլ կլինեն ավելի հանգիստ: Մեր բնակիչը թող առողջ լինի և նաև` ճիշտ պահանջատեր: Որքան իր իրավունքի ճիշտ պահանջատերը լինի, այնքան նա առողջ կլինի»,- այս համոզմանն է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Վահան Պողոսյանը` փաստելով, որ այսօր առողջապահական համակարգից բնակչության դժգոհությունը ոչ այնքան բուժծառայությունների որակին է առնչվում, որքան տեղեկատվության պակասին:

Ըստ նրա` այս մասին են փաստում նաև նախարարության «թեժ գծի» զանգերը, որոնց վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ բնակիչների ահազանգերի շատ քիչ մասն է որպես բողոք լինում. հիմնականում քաղաքացիները «թեժ գծին» զանգում են տեղեկատվություն ստանալու համար:

Պարոն Պողոսյանի ներկայացմամբ` սա հաշվի առնելով էլ, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բազմաթիվ քայլեր է ձեռնարկում` այս առումով, բնակչության բավարարվածությունը բարձրացնելու:
Բացի «թեժ գծից», նախարարությունը ձեռնամուխ է եղել նաև Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունում «առողջական զանգերի» կենտրոն ստեղծելու աշխատանքներին, որպեսզի այս ծառայությունը նույնպես քաղաքացիներին տեղեկատվություն տրամադրի:

Կարդացեք նաև

«Փաստն այն է, որ բնակչությունն Առողջապահության նախարարությունից իր ստանալիքից այնքան էլ տեղյակ չէ: Եվ դրա համար մենք իրականացնում ենք տարբեր միջոցառումներ, որոնք գտնվում են նոր կառավարության միջոցառումների ծրագրում: Հանրային առողջության զարգացման, իրազեկման միջոցով և նաև ԶԼՄ-ների միջոցով նպատակ ունենք հնարավորինս բարձրացնել բնակչության իրազեկվածությունը»:
Վահան Պողոսյանի խոսքերով` ներկայումս նախարարությունը փոփոխություններ է նախաձեռնել բնակչության համար 2 կարևորագույն օղակներում` Շտապօգնության ծառայությունում և առաջնային բուժօգնության օղակում. «Ինչո՞ւ այս 2 օղակում, որովհետև սրանք այն հաստատություններն են, որոնց միջոցով բնակիչը հարաբերվում է առողջապահության համակարգի հետ, և այստեղ, բնականաբար, պետք են փոփոխություններ: Շտապօգնության ծառայության նկատմամբ մեր բնակչության բավարարվածությունը Երևանում և մարզերում բացահայտ բարձր է` վերջին տարիների որոշակի քայլերի արդյունքում: Մյուս օղակն ամբուլատոր պոլիկլինիկական ցանցն է, որտեղ դիմում է բնակիչն իր կարիքի համար, ինքն ընտրել է իր բժշկին և, բնականաբար, պետք է դիմի այնտեղ: Այդ ծառայությունը մեր երկրում անվճար է բոլոր խավերի համար, բայց մենք նկատում ենք որոշակի խնդիրներ` անվստահություն, որակի վերաբերյալ կասկածներ, դրա համար վերջին շրջանում, սկսած հուլիսի 1-ից, այդ երկու ծառայություններում աշխատանքներ ենք տանում, առաջինը` աշխատավարձի բարձրացումն է այս երկու օղակներում էլ»:

Պարոն Պողոսյանը նաև հայտնեց, որ մոտ օրերս ՀՀ կառավարությունում քննարկվելու և հաստատվելու է պոլիկլինիկաների նոր մոդելը, որն իր ծառայությունների փաթեթով բնակչությանը կնախանշի պարտադիր արվող որոշակի հետազոտություններ:
Նախարարությունը սոցփաթեթի շահառուներին փորձնական, առողջության պարտադիր գնահատում կանի, այսինքն` շահառուները պարտադիր կդիմեն իրենց տեղամասային պոլիկլինիկա, իրենց ընտրած բժիշկներին, որոշակի հետազոտություն կանցնեն, և նրանց առողջությունը կգնահատվի:
«Նրանց առողջությունը պետությունն ապահովագրել է հետագա ստացիոնար կամ ամբուլատոր բուժման համար, որից հետո նոր նրանք կանցնեն հաջորդ փուլ, բայց այսքանն առաջնահերթ լինելու է պարտադիր: Այսինքն` բժիշկը չպետք է նստի սպասի, որ մարդը հիվանդանա` նոր գա իր մոտ: Ինքը պետք է առողջին հրավիրի, հետազոտի ու առողջությունը գնահատի: Այսինքն` մենք անցնում ենք առողջապահության, ոչ թե հիվանդությունների բուժման, այն գումարները, որոնք ծախսվում են առաջնային օղակում, ավելի նպատակային, նպատակաուղղված ծախսվեն: Եվ սա քայլերից մեկն է պոլիկլինիկայում, որ պետք է անենք»,- ասաց նա:

Վ. Պողոսյանն անդրադառնալով բնակչության շրջանում տարածված այն տեսակետին, թե եթե քաղաքացուն շտապօգնությունով են տեղափոխում հիվանդանոց, ապա բուժօգնությունը պարտադիր պետական պատվերով է` ասաց, որ վաղուց այդ կարգը չի գործում, և պետպատվերով բուժօգնությունը պայմանավորված է հիվանդությունով ու սոցիալական կարգավիճակով: Ըստ նրա, այս մասին առավել մանրամասն տեղեկատվություն մեր բնակչությունը կարող է ստանալ Առողջապահության նախարարության կայքէջից` www.moh.am-ից:

Ինչ վերաբերում է զոհված ազատամարտիկների ընտանիքների իրավունքներին, ապա պարոն Պողոսյանի վստահեցմամբ` 2014 թ.-ից կառավարության նոր ծրագրով խնդիրն ամբողջովին լուծվել է. ԱՆ-ն զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բուժօգնություն է տրամադրում անվճար` բոլոր այն հիվանդանոցներում, որտեղ տեղադրված է պետական պատվեր: Զինծառայող համարվող անձը և նրա ընտանիքի անդամն իր գերատեսչության բուժական ծառայությունից է ուղեգրվում հիվանդանոց:

Փոխնախարարը նաև պարզաբանեց, թե հաշմանդամության կարգ ունեցողն ինչ մեխանիզմով է դեղորայք ստանում: Ըստ նրա` պոլիկլինիկաներում 1-ին խմբի հաշմանդամ մարդուն դեղորայքը տրամադրվում է անվճար, 2-րդ կարգի հաշմանդամին` 50 տոկոս զեղչով, 3-րդ կարգ ունեցողին` 30 տոկոս մասնակցությամբ:

Դեղերի որակի, ժամկետների ու դեֆիցիտի խնդիրներին էլ անդրադառնալով` Վ. Պողոսյանն ասաց, որ այս ոլորտում էլ մեծ բարեփոխումներ են սպասվում, և, որ դեղերի մասին նոր օրենքը միջազգային փորձաքննություն է անցել. «Մենք փորձելու ենք ավելի կենտրոնացնել, ավելի նպատակաուղղված դարձնել և սրան անպայման մասնակից դարձնել մեր բնակչին: Նա պետք է մի փաստաթուղթ ստանա, կլինի այն դեղատոմս թե մեկ այլ թուղթ, դեռ պարզ չէ, բայց, որ ինքը գնա իր ստանալիք դեղը վերցնի, և մենք փոխհատուցենք: Սա Առողջապահության նախարարությունում քննարկվող տարբերակներից մեկն է»:

Այն հարցին էլ, թե բժիշկները հաճախ հիվանդին մեր երկրում չգրանցված դեղ են նշանակում, Վահան Պողոսյանը պատասխանեց. «Առաջինը` Հայաստանում չգրանցված դեղորայք չպետք է լինի: Առողջապահության նախարարության համապատասխան կառույցները պայքարում են դրա դեմ: Մարդը պետք է զերծ մնա և այդ բժշկին ասի` ինչո՞ւ ես այդ դեղը նշանակում: Ինքը` քաղաքացին, պետք է ասի` ինձ նշանակիր այն դեղը, որը Հայաստանում գրանցված է, և ես հեշտ ու հանգիստ գնամ վերցնեմ և ընդունեմ: Բժիշկներն էլ պիտի իրենց թույլ չտան»:

Տեսանյութեր

Լրահոս