Դեսպան Կուխտա. Ուկրաինայի խորհրդարանում կլինի ժողովրդավարական, եվրոպամետ մեծամասնություն
Ուկրաինայի Գերագույն Ռադայի ընտրություններին քաղաքացիների մեծամասնությունը ընտրել է ժողովրդավարական կուսակցություններին և այդպիսով կողմ է արտահայտվել եվրոպական ինտեգրմանը, այսօրվա ասուլիսում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան` անդրադառնալով հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
Այսօր առավոտյան Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով` ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 52 տոկոսը (հաշվարկվել է քվեների ավելի քան 97 տոկոսը): Վարչապետ Արսենի Յացենյուկի «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը ստացել է ձայների 22,1 տոկոսը, նախագահ Պյոտր Պորոշենկոյի դաշինքը` 22,82 տոկոսը, «Սամոպոմիչը» հավաքել է քվեների 11.01 տոկոսը, «Ընդդիմադիր բլոկը»՝ 9.35 տոկոսը, «Արմատական» կուսակցությունը` 7.44 տոկոսը և նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի կուսակցությունը` «Բատկիվշչինան», ստացել է ձայների 5.68 տոկոսը:
Բոլոր այս ուժերն անցել են Ուկրաինայի Գերագույն Ռադա:
«Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ Ուկրաինայի քաղաքացիների մեծամասնությունն աջակցել է այս ժողովրդավարական ուժերին` նախագահի կուսակցությանը, վարչապետի կուսակցությանը, Լվովի քաղաքապետի կուսակցությանը, «Բատկիվշչինային»: Կարծում եմ` նրանք խորհրդարանում կձևավորեն կոալիցիա, դա կլինի մեծամասնություն: Այն ժողովրդավարական, եվրոպամետ մեծամասնություն է, և կարելի ասել, որ այս ընտրություններում Ուկրաինայի քաղաքացիներն կողմ արտահայտվեցին եվրոպական ինտեգրմանը: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ընտրությունները կայացել են: Դրանք ճանաչել են միջազգային բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների, այդ թվում` ԵԱՀԿ-ն, ԵԽԽՎ-ն, Եվրախորհրդարանը, հայտարարություն են տարածել Եվրահանձնաժողովը, Միացյալ Նահանգների նախագահը»,- նշեց Իվան Կուխտան:
Ինչ վերաբերում է հարցին, թե որքանով է կարևոր Ռուսաստանի գնահատականը այս հարցի վերաբերյալ, դեսպանը հիշեցրեց Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի երեկվա հայտարարությունը, որ Ռուսաստանը կճանաչի Ուկրաինայի խորհրդարանական ընտրությունները:
Ու թեև ընտրությունները չեն անցկացվել Ուկրաինայի ողջ տարածքում, առաջին հերթին Ղրիմում, քանի որ այդ տարածքը, դեսպանի խոսքով, «ժամանակավորապես օկուպացված է», ինչպես նաև մասամբ Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում, այդուհանդերձ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ուկրաինայի օրենսդրության համաձայն ընդունել է որոշում այն մասին, որ ընտրությունների կայացել են և օրինական են: