Ռուսաստանը դեպի Հայաստան տարանցման ուղիներ է փնտրում Թուրքիայի ու Ադրբեջանի տարածքներով

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը հոկտեմբերի 24-ին Մոսկվայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունն ուղիներ է փնտրում Հայաստանի հետ համագործակցությունում առկա բարդությունները հաղթահարելու հետ, որոնք կապված են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամների հետ անմիջական սահման չունենալու հետ:

Բելյանինովը հայտարարել է, որ դեպի Հայաստան փոխադրումների լոգիստիկան շատ պարզ է. դրանք Վրաստանի տարածքով պետք է իրականացվեն կա՛մ «Վերին Լարս-Կազբեգի» անցակետով, կա՛մ էլ վրացական «Փոթի» նավահանգստի միջոցով.

«Մենք հանդիպել ենք մեր վրացի գործընկերների հետ և արդեն մեկ օր չէ, որ քննարկել ենք այդ թեման: Վերջին անգամ մենք հանդիպեցինք Թուրքիայում՝ Անթալիայում: Մենք հանդիպեցինք երեքով և քննարկեցինք թուրքական ապրանքների լոգիստիկ երթուղիները:

Սակայն այնտեղ ներկայացված է նաև Հայաստանը, ինչի համար էլ մենք չենք կարող մոռանալ այդ մասին: Դժբախտաբար, «Վերին Լարս-Կազբեգի» անցակետը ենթարկվում է կլիմայական փոփոխությունների: Միայն այս տարի գրանցվել է երկու սողանք, այն փակվել է, իսկ վրացական կողմից եղել են զոհեր:

Այն հաճախ է փակվում: Մենք ավելի հեռուն ենք նայելու: Կան նաև ավիացիոն փոխադրումները, դրանք ոչ ոք չի փակել, այլ հարց է, որ դա տրանսպորտի թանկարժեք տեսակ է: Ի դեպ, մենք Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի գործընկերների հետ պայմանավորվել ենք նոյեմբերին հանդիպել Վրաստանում և քննարկել արդեն քառյակ ձևաչափով:

Իսկ հայ գործընկերների հետ մենք աշխատում ենք ամեն օր: Այն, որ չկա ընդհանուր սահման, ստեղծում է հավելյալ բարդություններ, սակայն պետք է մտածել հետագայի մասին, և առաջին հերթին դա պետք է անեն ոչ մաքսավորները, քանի որ դա ամեն դեպքում լոգիստիկայի հարց է»:

Տեսանյութեր

Լրահոս