Մերուժան Տեր-Գուլանյան. «Չեմ հասկանում, ինչո՞ւ եք ժողովրդին հանում իրար դեմ, դրա նպատակը ո՞րն է»»
«Այդքան մարդ դուրս էր եկել հանրահավաքի, բայց ի՞նչ ենք ուզում մենք. եղածը քանդենք և նորի՞ց կառուցենք, թե՞ եղածը վերակառուցենք: Սրանց մեջ մեծ տարբերություն կա: Ես վերակառուցման կողմնակիցն եմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրող-հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը:
Նրա համար անհասկանալի է մնում մի բան. ինչո՞ւ են միտինգ և ցույց հրավիրում խորհրդարանական ուժերը. «Եթե միտինգ և ցույց անում են այն կուսակցությունները, որոնք խորհրդարանական չեն, այնտեղ ձայն չունեն, ես հասկանում եմ իրենց, բայց երբ խորհրդարանական ուժերն են միտինգ հրավիրում, ինձ համար դա մնում է անհասկանալի. չէ՞ որ նրանք իրենց ներկայացուցիչներն ունեն խորհրդարանում և այնտեղ ով ինչ ուզում, ասում է այսօր: Ինչ որ ուզում եք ասել, ասեք խորհրդարանում, ինչո՞ւ եք հանրահավաք կազմակերպում, ես չեմ հասկանում, ինչո՞ւ եք ժողովրդին հանում իրար դեմ, դրա նպատակը ո՞րն է»:
Նրա խոսքով` այսօրվա հրապարակում ելույթ ունեցող հռետորներից ոչ ոք չի ասում, թե ինչպես պետք է փոփոխություններ անել, ասում են` թող նրանք գնան, մենք կգանք, կասենք. «Այդպես չի լինում: Ժողովրդին բացատրեք, ներկայացրեք, թե ինչպես պիտի երկիրը փոխել: Ինչ-որ հռետորական հարցեր են բարձրացնում` առանց դրանց պատասխանները, լուծման ճանապարհներն ասելու»: