«Ընդդիմադիր ուժերի հանրահավաքները Հայաստանում բերում են քաղաքական նոր կուլտուրա». Աբգար Ափինյան

«Նորագույն շրջանի պատմությունը մեր ժողովրդի առջև երբեմն բացել է զարգացման բացառիկ հնարավորություններ, այլ հարց է, թե որքանով ենք կարողացել օգտվել այդ պատեհ առիթներից: Այսօր այդ առիթն է»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում` անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին ու դեպքերի հնարավոր  զարգացումներին ասաց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Նրա խոսքով` ընդդիմադիր ուժերի հանրահավաքները, որ վերջին շրջանում տեղի ունեցան, նրանց քաղաքակիրթ պահվածքը Հայաստանում բերում է քաղաքական նոր մշակույթ. ոչ թե փոխադարձ վիրավորանքների ճանապարհով, այլ առաջարկել տարբեր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնել, լուծումներ որոնել. «Այս ամեն ինչը չի կարող հայ մտավորականը չողջունել: Ես ողջունում եմ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում: Միայն մեկ հարցի պատասխան չի տրվում. այսօր մեր երկրում լուրջ փոփոխությունների կարիք կա, բոլորն էլ այս մասին բարձրաձայնում են, բայց ոչ ոք չի ասում, թե ինչ ուղղությամբ, ինչ ճանապարհով պետք է արվեն այդ փոփոխությունները:

Մենք առաջարկում ենք հետևյալ լուծումը. ամբողջ հասարակությամբ փորձենք ճանապարհ բացել մեր լավագույն մասնագետների համար, ասպարեզը տրամադրենք մասնագետներին: Հայաստանի տնտեսական, սոցիալական, քաղաքական, մշակութային, գիտական, կրթական ու այլ խնդիրներ մեկ օրում կլուծվեն, եթե ոլորտները ղեկավարվեն մասնագետների կողմից»:

Անդրադառնալով նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեմային` Աբգար Ափինյանն ասաց, որ ՀՀ նախագահը ճիշտ ժամանակին ճիշտ որոշում կայացրեց` ստորագրելով անդամակցության պայմանագիրը. «Մտնելով Եվրասիական միություն` Հայաստանը կարող է շահել: Մեր առջև բացվում են մեծ հնարավորություններ բոլոր ոլորտներում: Բայց խնդիրը հետևյալն է. մենք կկարողանա՞նք ճիշտ ու արդյունավետ համագործակցություն հաստատել մեր գործընկերների հետ: Այս հարցում ևս մեզ պետք են լավ մասնագետներ»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս