Քոբանիի համար պատերազմը միավորել է 30 միլիոն քրդերի. Financial Times
Հոկտեմբերի 23-ին բրիտանական Financial Times թերթում հրապարակվել է Էրիկա Սոլոմոնի (Բեյրութ) ու Դանիել Դոմբիի (Ստամբուլ) «Սիրիայում ու Իրաքում տիրող քաոսը վերածնում է քրդերի ազգայնական հավակնությունները» խորագրով հոդվածը, որը որոշակի կրճատումներով ներկայացվում է ստորև.
«Չորեքշաբթի Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանիի ու Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) միջև ստորագրաված համաձայնագիրը, որն առնչվում է համատեղ բանակ ու կառավարություն ստեղծելուն, լայն աջակցություն ստացավ Թուրքիայի քուրդ բնակչության կողմից:
Քոբանիի շուրջ ռազմական գործողությունները ողջ տարածաշրջանի քրդերի շրջանում արթնացրին հայրենասիրական զգացումներ: 30 միլիոն քրդեր պատրաստ են միավորվել միասնական պետության մեջ: Բարզանիի ու PYD-ի միջև ստորագրված համաձայնագիրը Թուրքիայի համար ունի չափազանց բացասական բնույթ:
Քուրդ բնակչությունը, որը տարիներ շարունակ երկրի արևելքում պայքարում է իր անկախության համար, այդ հուշագրի ստորագրմամբ ստացավ վճռական գործողությունների անցնելու ազդանշան: Քոբանիի պաշարումը և խաղաղ բնակչության զանգվածային սպանությունները քրդական ցրված խմբերի համար միավորվելու առիթ հանդիսացան:
Այդուհետ ինչպես Սիրիայից եկած հարկադիր վերաբնակների, այնպես էլ Թուրքիայում բնակվող քրդական բնակչության շրջանում ամենուրենք հնչում են ազգային հպարտության մասին կոչեր:
ԱՄՆ-ի կազմակերպած ու գլխավորած պետությունների դաշինքը, որոշում ընդունելով «Իսլամական պետության» զինյալների դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին, անուղղակիորեն խաղաքարտի վրա դրեց նաև Քոբանին բնակվող հարյուր հազարավոր քրդերի կյանքը:
Քուրդ ժողովրդի հանդեպ երկրի այդ քաղաքականությունը համախմբեց ողջ Մերձավոր Արևելքի քրդերին: Բնականաբար, դեռ վաղ է խոսել այն մասին, որ Թուրքիայի, Իրաքի, Սիրիայի ու Իրանի ողջ քրդերը կմիավորվեն միասնական պետության մեջ: Քիչ հավանական է համարվում նաև աշխարհի մյուս երկրների կողմից նման պետության ճանաչման հնարավորությունը:
Թուրքիան երբեք չի համաձայնվի քուրդ բնակչության հավակնությունների պատճառով զոհաբերել իր տարածքի գեթ մեկ սանտիմետր: Եվ այնուամենայնիվ, վերջին շաբաթների իրադարձությունները հասարակական զարթոնք առաջացրին քրդերի ինքնագիտակցությունում:
Ողջ Թուրքիայում տեղի ունեցած բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Քոբանիի (որին անվանում են նաև Քրդական Ստալինգրադ – 168.am), որոնցում դատապարտվեց այդ քաղաքի քուրդ բնակչությանը պաշտպանելու հարցում Թուրքիայի իշխանությունների անգործությունը:
Անգամ քրդական կուսակցությունների առաջնորդները, որոնք նախկինում ընդհանրապես ոչ բարեկամական հարաբերությունների մեջ էին, համախմբվեցին ընդհանուր խնդրի շուրջ:
PYD-ի առաջնորդ Սալիհ Մուսլիմն ու Իրաքի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին, որոնք մինչ այդ չէին համաձայնվում անգամ պաշտոնական հանդիպումների ժամանակ գտնվել մեկ սենյակում, նստեցին բանակցային սեղանի շուրջ:
Այն փաստը, որ Մերձավոր Արևելքի երկու առավել հարգարժան քրդերը պատրաստ են շփվել միմյանց հետ, արդեն իսկ հուսադրող է շարքային շատ քրդերի համար: Ավելին, Մասուդ Բարզանիի ու Սալիհ Մուսլիմի հանդիպումն անցել է ամենաբարեկամական մթնոլորտում:
Առկա խնդիրները քննարկելուց հետո երկու առաջնորդները կատակել են և անգամ միասին ճաշել են: Ժողովուրդը հուսով է, որ իր առաջնորդները ժամանակավորապես մի կողմ կդնեն իրենց անձնական հավակնությունները և կընդունեն այնպիսի որոշում, որը կնպաստի ազգի միավորմանը:
Այդպիսով, Քոբանիի շուրջ տիրող իրավիճակն ու ԱՄՆ-ի ճնշումը կարող են բացասաբար ազդել այն բոլոր երկրների վրա, որոնք ներգրավված են հակամարտությունում: Դա առաջին հերթին վերաբերում է Թուրքիային, որի քրդերը հանդիսանում են երկրի տարածքում դանդաղ գործունեության ական:
Չհաստատված տվյալներով՝ Իրաքի ու Թուրքիայի քրդերը, ինչպես նաև PYD-ի ներկայացուցիչները վարել են գաղտնի բանակցություններ, որոնցում քննարկել են ողջ քուրդ բնակչության միավորման հիմնական կետերը: Հանդիպման ժամանակ մշակվել է Քրդական պետության ստեղծման գործողությունների միասնական ռազմավարություն:
Քաղաքագետների կարծիքով՝ սարերի հետևում չէ այն օրը, երբ, այնուամենայնիվ, աշխարհի քաղաքական քարտեզի վրա ի հայտ կգա Քուրդիստան անվանմամբ նոր պետություն, և որ Թուրքիայի, ԱՄՆ-ի ու մյուս երկրների ցանկացած փորձերն արդեն ունակ չեն կանգնեցնելու այդ ձնահյուսը:
Արևելքի քրդերն արդեն իսկ գործնականում մեկ քայլով են հեռու անկախությունից, իսկ Իրաքյան Քրդստանի գոյությունը լավագույն հաստատումն է նրա, որ ողջ քուրդ բնակչության երազանքը կարող է ի կատար ածվել: Տվյալ փուլում քրդական հարցի լուծումը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հիմնական պայմաններից մեկն է:
Նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ԵՄ-ին չի աղաչի, որպեսզի իրեն ընդունեն նրա շարքերը: Ներկա փուլում հիմնականում քուրդ բնակչության հակամարտության հետ կոնֆլիկտի պատճառով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը հետաձգվում է ևս մոտ 50 տարով»: