«Լորետան կարող էր օգնել՝ շտապօգնություն կանչել». Բուդաղյանների մայր. 1in.am
Օրերս Բուդաղյանների գործով դատական նիստին Գորիսում հարցաքննվել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կինը՝ Լորետա Բարսեղյանը:
«Ես երկու կողմերին կոչ եմ անում, որ լինեն միայն խաղաղ, որպես մայր և կին՝ խնդրում եմ չտրվեն կողմնակի կրքերին, որոնք բորբոքում են կողմնակի անձինք, որովհետև մենք ունենք երկու վիրավոր, իսկ այդ վիրավորների և զոհի հաշվին որոշ մարդիկ շահեր են փնտրում այս գործի մեջ: Ես ուղղակի կոչ եմ անում և խնդրում եմ երկու կողմերին՝ սառը դատողությամբ վերաբերվեն այս ամեն ինչին, որովհետև մենք մեր քաղաքում ապրելու ենք շատ երկար, և չեմ ուզում լարված մթնոլորտում ապրենք»,- ասել է Լորետա Բարսեղյանը, նաև հավելել, որ ինքը ջանք չի խնայել կանխելու ողբերգությունը:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արտակ և Ավետիք Բուդաղյանների մայրը՝ Ալլա Բուդաղյանը, նշեց, որ տեղյակ չէ ցուցմունքից, բայց ինքը գիտի, որ Լորետա Բարսեղյանը ոչ մի բանով չի օգնել: «Նա կարող էր օգնել և շտապօգնություն կանչել»,- հուզված նշեց Ալլա Բուդաղյանը՝ այլևս չկարողանալով շարունակել:
Բուդաղյանների բարեկամներն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին, որ եթե նա իսկապես փորձել է ամեն բան անել կանխելու համար, նախևառաջ թող իր տղայի ձեռքի զենքը վերցներ և չթողներ կրակել, իր տղային թող հետ քաշեր, որ նա չկրակեր: Արտակի ատրճանակում փամփուշտ կա՞ր, որ նա քաշքշում էր, թող նման ձևով իր տղային հրեր, կանխեր…»,-հավելեցին նրանք:
Նրանք նշեցին, որ Լորետան եթե իսկապես ուզում էր օգնել, թող նախևառաջ մտածեր ինչ անել: Թող ոստիկանություն կանչեր, Ավոյի համար շտապօգնություն կանչեր: Դրանով նա կկանխեր ողբերգությունը, Ավոն կենդանի կմնար:
Անդրադառնալով Լորետա Բարսեղյանի ցուցմունքին, նրանք նշեցին, որ ինչ թելադրել է նրան ամուսինը, նա դա էլ ասում է դատարանում, և դրա համար էլ շատ հարցերի չի պատասխանում՝ պատճառաբանելով, որ դրանք մեղադրանքի ծավալի մեջ չեն մտնում, մինչդեռ պարտավոր էր պատասխանել: «Այս քայլով փորձում են ինքնապաշտպանության դիմել, տեսեք ինչպես է իրեն պահում նրանց փաստաբանը»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: