Շարմազանովը` Ծառուկյանի ելույթի մասին. «Հա, բայց ի՞նչ է ասել էն մարդը»

«Գագիկ Ծառուկյանի որոշելու հարցն է` որտեղ միանա, որտեղ չմիանա: Դա իմ գնահատելու խնդիրը չէ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` ի պատասխան հարցին, թե ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը, ի վերջո, խոսեց իշխանափոխության մասին՝ միանալով հակաիշխանական շարժմանը:

ՀՀԿ խոսնակն ասաց, որ որևէ շրջադարձային բան չի տեսել Ծառուկյանի ելույթում. «Դուք կարող եք ասել` քաղաքակա՛ն իրավիճակն ինչպես եմ գնահատում կամ իր ելույթը: Սովորական կուսակցության առաջնորդի ելույթ է, բայց որևէ շրջադարձային բան ես այնտեղ չեմ տեսել»:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանը այսօրվա իր ելույթում, որն, ի դեպ, դարձել էր օրվա ինտրիգը, մասնավորապես ասել է. «Եթե իշխանությունը շարունակի անտեսել ժողովրդական շարժումը, մենք միասնական շարժմամբ հարյուր հազարներով կպարտադրենք իշխանափոխություն և արտահերթ ընտրություններ»:

Անդրադառնալով սրան` Շարմազանովն ասաց, որ հռետորն իր խոսքը սկսել է «եթե»-ով, ուստի ինքը, չխախտելով իր սկզբունքը, չի պատասխանելու «եթե»-ով հարցերին:

Կարդացեք նաև

«Հա, բայց ի՞նչ է ասել էն մարդը: Ես նայել եմ ելույթը: Ասել է` շտապել պետք չէ, Մայդաններ չպետք է լինեն»,- ավելացրեց մեր զրուցակիցը:

Իշխող կուսակցության խոսնակը հայտարարեց, որ ընդհանրապես այսօրվա համապետական հանրահավաքի ելույթներում ոչ մի շրջադարձային բան չի լսել, բացի Լևոն Տեր-Պետրոսյանի անեկդոտներից: Ավելին, նա շնորհավորեց բոլորին «անեկդոտներ պատմող առաջին նախագահ ունենալու կապակցությամբ»:

– Պարոն Շարմազանով, իշխանությունն անտեսելո՞ւ է ժողովրդական շարժումը, որի մասին խոսում էր Ծառուկյանը, թե՞ հաշվի է նստելու դրա հետ:

– Հայաստանի իշխանություններն առաջինն են, որ հաշվի են նստում ժողովրդի կարծիքի, մեր առջև ծառացած մարտահրավերներ հետ: Պարզապես կան մարդիկ, ովքեր դա տեսնում են, կան մարդիկ, ովքեր չեն տեսնում: Կան քաղաքական կուսակցություններ, որոնք լուծումը մի ձևով են պատկերացնում և կան կուսակցություններ, որոնք լուծումն այլ կերպ են պատկերացնում: Եվ այդ իմաստով որևէ նոր բան իմ համար չեմ հայտնաբերել, բացի Տեր-Պետրոսյանի անեկդոտները:

– Հիմա Հանրապետականը վտանգ տեսնո՞ւմ է իր իշխանության համար` հաշվի առնելով ներկայիս գործընթացները:

– Ինչպես երեկ, այնպես էլ այսօր մենք վտանգներ չենք տեսնում: Հանրապետականն իր տնից չի բերել էդ իշխանությունը, Հանրապետականը ձևավորել է այդ իշխանությունը ազատ, արդար, լեգիտիմ ընտրությունների արդյունքում, որի գնահատականը, առանց բացառության, տվել են բոլոր միջազգային կառույցները` թե´ եվրոպական, թե´, իմիջիայլոց, եվրասիական: Եվ այդ ընտրությունների արդյունքում Հանրապետական կուսակցությունը դարձել է իշխանություն, Հանրապետականը մտադիր է այդ ձևավորված վստահության քվեն իրականացնել մինչև հաջորդ ընտրությունները:

23 տարի Հայաստանում ընդդիմությունը կամ ոչ իշխանությունը միտինգ է անում, կարծիք է արտահայտում, մեկը մի քիչ ավելի էմոցիոնալ ելույթ է ունենում, մյուսը` պակաս էմոցիոնալ: Կրկնում եմ` որևէ «շրջադարձային» բան այս միտինգում, բացի Տեր-Պետրոսյանի անեկդոտները, ես չլսեցի: Տեր-Պետրոսյանը նույնիսկ այնքան է ձանձրացրել, կարծում եմ, ոչ միայն հանրությանը, այլև հենց հարթակում կանգնած իր գործընկերներին, որ նույնիսկ նրանք չէին լսում, և ստիպված անեկդոտ պատմեց, որպեսզի այսօրվա ելույթը հիշվի անեկդոտով:

Տեսանյութեր

Լրահոս