
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առաջիկա 2 օրերին ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները

Համաձայն ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդագրության` արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժմամբ պայմանավորված, հանրապետությունում սպասվում է եղանակային պայմանների փոփոխություն` տեղումներ, ջերմաստիճանի կտրուկ անկում: Հոկտեմբերի 26-28-ին օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում կնվազի 17-18 աստիճանով, մնացած մարզերում` 7-8 աստիճանով: Նշված մարզերում կդիտվեն ձյան տեսքով տեղումներ և նույնիսկ ցերեկային ժամերին կգրանցվեն բացասական ջերմաստիճաններ:
Ելնելով վերոհիշյալից` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը դիմում է հանրապետության հողօգտագործողներին և հորդորում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու առաջիկա 2 օրերի ընթացքում բանջարաբոստանային մշակաբույսերի, կարտոֆիլի, խաղողի, պտուղների և այլ մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները ավարտելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ չնայած նշված ժամանակահատվածում Արարատյան դաշտում և նախալեռնային գոտու ցածրադիր հատվածներում զրոյից ցածր ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, այնուամենայնիվ նախարարության մասնագետները, հաշվի առնելով բազմամյա փորձը, տեղեկացնում են, որ ցրտահարությունների վտանգը այստեղ նույնպես բացառել չի կարելի, և հիշյալ տարածաշրջաններում ևս պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բերքի հնարավոր կորուստներից խուսափելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը միաժամանակ հորդորում է սեղմ ժամկետներում ավարտել աշնանացան մշակաբույսերի ցանքը, ինչպես նաև շուտափույթ սկսել խաղողի այգեթաղը: