
Բան Կի-մունի ուղերձը ՄԱԿ-ի օրվա առթիվ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուղերձը ՄԱԿ-ի օրվա առթիվ.
«Բազմակի ճգնաժամերի այս ժամանակներում Միավորված ազգերի կազմակերպության կարիքն զգացվում է ավելի, քան երբևէ: Աղքատությունը, հիվանդությունները, ահաբեկչությունը, խտրականությունը և կլիմայի փոփոխությունը մեծ կորուստների են հանգեցնում: Միլիոնավոր մարդիկ շարունակում են ենթարկվել ցավալի շահագործման` կախյալ վիճակ ենթադրող աշխատանքի, մարդկանց թրաֆիքինգի, սեռական ստրկության կամ գործարաններում, դաշտերում և հանքերում վտանգավոր աշխատանքային պայմանների միջոցով: Համաշխարհային տնտեսությունը շարունակում է հանդիսանալ անհավասար պայմաններով խաղադաշտ:
Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրումն աշխարհի բնակչության առջև ստանձնած կարևոր հանձնառություն էր՝ վերջ տալու մարդկային արժանապատվության նկատմամբ նման ոտնձգություններին և ճանապարհ հարթելու դեպի ավելի լավ ապագա: Եղել են ցավոտ անհաջողություններ, և առջևում դեռ շատ անելիք կա, որ իրականություն դառնա ՄԱԿ-ի կանոնադրության տեսլականը: Սակայն մենք կարող ենք քաջալերվել մեր ձեռքբերումներով:
Հազարամյակի զարգացման նպատակները ոգեշնչել են աղքատության դեմ ուղղված երբևէ ամենահաջողված արշավը: Անհավասարության, խոշտանգումների և ռասիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի պայմանագրերը պաշտպանել են մարդկանց, իսկ այլ համաձայնագրեր նպաստել են շրջակա միջավայրի պահպանությանը: ՄԱԿ-ի խաղաղապահները բաժանել են թշնամական ուժերին, մեր միջնորդները կարգավորել են վեճերը, իսկ մարդասիրական ոլորտի աշխատակիցները կենսականորեն անհրաժեշտ օգնություն են հասցրել:
Այս վճռորոշ պահին եկե՛ք վերահաստատենք մեր հանձնառությունը` ընդլայնելու խոցելի և մեկուսացված մարդկանց հնարավորությունները: Միավորված ազգերի կազմակերպության օրը կոչ եմ անում կառավարություններին և անհատներին՝ աշխատել ընդհանուր պատճառի շուրջ՝ ի շահ համընդհանուր բարօրության»: