«Ես դեռ չծնված խլում եք իմ տակդիրի գումարը». Կանայք կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում

ՀՀ կառավարության դիմաց մի խումբ կանայք այսօր իրենց բողոքն արտահայտեցին «Պետական նպաստների մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծների դեմ: Կանայք նշեցին, որ իրենց կարծիքով՝ փոփոխությունների որոշ կետեր հակասում են ՀՀ Սահմանադրությանը, խախտում մի շարք իրավական ակտեր, ինչպես նաև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններ:

Կանացից մեկն ասաց, որ նամակ են հանձնելու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որում ներկայացրել են փոփոխությունների խնդրահարույց կետերը: Բողոքի ակցիայի մասնակիցները խնդրահարույց համարեցին այն, որ օրինագծի համաձայն՝ մինչծննդյան և հետծննդյան նպաստը հաշվարկվելու է՝ հաշվի առնելով կնոջ՝ վերջին աշխատավյրում ունեցած ստաժը:

Նա նշեց, որ փոփոխության համաձայն՝ անաշխատունակության նպաստ են ստանալու նաև չաշխատող մայրերը. «Մենք բացարձակապես դեմ չենք այդ կետին և ողջունում ենք ՀՀ կառավարության այդ նախաձեռնածը, սակայն ոչ մի դեպքում չաշխատող կանայք չպետք է նպաստը ստանան աշխատող կանանց հաշվին»:

Ակցիայի մասնակիցը նշեց, որ փոփոխությունները հակասում են ՀՀ ռազմավարական գերակայություններին. «Հաշվի առնելով ներկա պահին արտագաղթի չափերը և ծնելիության մակարդակը՝ մենք կարծում ենք, որ այս օրինագծում փոփոխությունները միայն նպաստելու են ծնելիության նվազմանը և արտագաղթի աճին»:

Նրանց խոսքով՝ օրենքը կանանց կդրդի ունենալ մեկ կամ լավագույն դեպքում երկու երեխա՝ դրանով վտանգելով ժողովրդագրական աճը. «Օրենքը ոտնահարում է սոցիալական արդարության սկզբունքը և ոտնահարում է սոցիալական արդարության պաշտպանության իրավունքները»:

Մասնակիցները մատնանշեցին նաև իրենց կարծիքով այլ հակասություններ՝ պահանջելով հետ կանչել օրենքներում փոփոխությունների նախագծները:
Կանայք կառավարություն էին եկել «Կառավարությունը ծննդաբերում է մեռելածին օրենքներ: Սա՞ է ապահով Հայաստանը», «Մի’ զրկեք կանանց վաստակած գումարներից», «Շքեղության հարկը հանում եք, կանանց նպաստը կրճատում», «Ես դեռ չծնված խլում եք իմ տակդիրի գումարը» վերտառությամբ պաստառներով:

 

Տեսանյութեր

Լրահոս