«Ռևկոմներ» և մերկապարանոց մեղադրանքներ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն իր խմբագրականում գրում է. «Ճիշտն ասած, ինձ առանձնապես դուր չի գալիս, երբ մեր ընդդիմադիրները «ժողովրդական դատավճիռներ» են հրապարակում: Եթե կան «ժողովրդական տրիբունալներ», ապա պետք է լինեն նաեւ «ժողովրդական» դատավորներ, դատախազներ եւ դահիճներ, եւ այստեղ սուբյեկտիվ գործոնը բավականին մեծ է՝ ում կախել, ում գլխատել եւ այլն: Եթե պետք է ստեղծվեն «ռեւկոմներ», որոնց իրավասության մեջ մտնում է «ժողովրդական արդարադատություն» իրականացնելը, ապա, վախենամ, նրանք միայն իշխանավորներով չեն սահմանափակվի:

Երբ ոչնչացվում են «թշնամիները», դրանցից հետո «պատժիչ սուրը» փառքով պատյան չի դրվում, հերթը հասնում է նաեւ յուրայիններին՝ սկզբում ոչ այնքան մոտիկ յուրայիններին, հետո ոչ այնքան լոյալ յուրայիններին, հետո էլ ամենամոտիկներին: Հայտնի պատմություն է: Ոչ միայն Ռուսաստանում: Կարդացեք իշխան Պյոտր Կրոպոտկինի աշխատությունը Ֆրանսիական հեղափոխության մասին: Թե Հայաստանում, թե աշխարհում «ժողովրդական տրիբունալների» գաղափարը հնչում է ոչ առաջին, ոչ էլ, վստահ եմ, վերջին անգամ:

Ասել, որ այդ ճանապարհով որեւէ տեղ ժողովրդավարություն է հաստատվել, խիստ չափազանցություն կլիներ: Բայց եթե «հեղափոխական ռոմանտիզմի» դրսեւորումները կարելի է որակել որպես մեր երիտասարդ պետականության հասունացման հիվանդության անխուսափելի դրսեւորում, ապա իշխանության ձգտումը՝ ամեն ինչ բացատրել արտաքին թշնամու դավերով, «քյարթու» (ուրիշ բառ չեմ գտնում) խորհրդային սովորություն է: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ընդդիմադիր ելույթներից սկզբում՝ Արեւմուտքի փողերի, իսկ հիմա արդեն՝ Ադրբեջանի նավթադոլարների հոտ է առնում»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս