
Քույրերն ու եղբայրները միմյանց մոտ ալտրուիզմ են զարգացնում

Կարծիք կա, թե հասակակիցների հետ հարաբերությունները տղաների վրա այնպիսի դրական ազդեցություն չեն ունենում, ինչպես աղջիկների վրա: Սակայն գիտնականների նոր ուսումնասիրությունները պարզել են, որ դա չի վերաբերում քույրերի եւ եղբայրների հարաբերություններին: Տղաները նույնպես կապված են եղբայրներին եւ քույրերին այնպես, ինչպես աղջիկները, գրում է Psych Central-ը:
Գիտնականները երեք տարի շարունակ հետեւել են դեռահաս տարիքի եղբայրների եւ քույրերի 308 զույգի, գնահատել են նրանց զարգացումն ու հետեւել ընկերների եւ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների որակին: Նրանք եկել են այն եզրահանգման, որ եղբայրների եւ քույրերի հարաբերությունները դեռահասների մոտ կարեկցանքի զգացողություն եւ ալտրուիզմ են զարգացրել:
Հեղինակներն այն կարծիքին են, որ ծնողները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի երեխաների միջեւ լավ հարաբերություններ ձեւավորվեն: Այն տղաները, ովքեր լավ հարաբերությունների մեջ չեն եղել եղբայրների հետ, հետագայում վարքագծի հետ կապված խնդիրներ են ունեցել: