Հղիության և ծննդաբերության նպաստների փոփոխությունը ուժի մեջ կմտնի 2016 թվականից
ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը հերթական հասարակական ընդվզում է առաջացրել: Հաջորդ շաբաթ հղի կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդի համար վճարվող նպաստի չափի կրճատման դեմ նախատեսվում է ցույց իրականացնել:
Իսկ մինչ այդ ԱՄՆ Միջազգային զարգացման կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի աջակցությամբ օրենքի փոփոխության հեղինակները նախաձեռնել են քննարկումների շարք՝ տարբեր խմբերի ներկայացուցիչների՝ լրագրողների, հասարակական հատվածի և շահագրգիռ այլ անձանց հետ՝ օրինագիծն առավել բարելավելու համար: Այսօր Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպված դասընթաց-հանդիպման ժամանակ Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղակալ Սմբատ Սաիյանը նշեց, որ ՀՀ-ում տրվող անաշխատունակության նպաստի ծավալը վերջին 4 տարում 3-4 անգամ ավելացել է ու հասել 12 մլրդ դրամի:
Ըստ նրա՝ օրենքի գործողությունը նախատեսվում է 2016 թվականից, կանխատեսվում է, որ այն ժամանակ նվազագույն աշխատավարձը կլինի 80 հազար դրամ, ըստ որի 140-օրյա ժամանակահատվածի համար հաշվարկված հղիության և ծննդաբերության արձակուրդային գումարը կկազմի 365 հազար դրամ (առանց հարկերի՝ շուրջ 275 հազար դրամ): Ըստ այդմ, նրա խոսքով, 2016թ-ին պետական բյուջեի ծախսերը կավելանան 11 մլրդ դրամով (եկամտահարկը հանելու դեպքում՝ 8.5 մլրդ դրամով):
«Այսօր հղիության և ծննդաբերության նպաստ է տրվում տարեկան շուրջ 13 հազար աշխատող կնոջ, իսկ առաջարկությունն ընդունվելու դեպքում նպաստ կստանա լրացուցիչ ևս տարեկան շուրջ 30 հազար կին»,- ասաց Ս.Սաիյանը:
Հիշատակելով ՎՊ-ի հաշվետվությունը, որում արձանագրված է, որ ծննդաբերությունից 1-2 ամիս առաջ ընդունվում են բարձր աշխատավարձով աշխատանքի, կամ միլիոնների հասնող պարգևավճարներ են գրվում, Ս.Սաիյանը նշեց, որ այժմ գործող իրավակարգավորումների արդյունքում ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունն ու արդյունավետությունը ցածր է. «Օրենքի խախտում չկա, ի՞նչ կարող ենք անել»:
Նա շեշտեց, որ ներկայումս աշխարհի ոչ մի երկրում ժամանակավոր անաշխատունակության պատճառով կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 100%-ով:
Ս.Սաիյանը հայտնեց, որ օրենքի փոփոխություններով առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի, հետևաբար՝ նպաստի, մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը (առավելագույնը՝ 80%), նաև սահմանել նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույ չափ, մայրության նպաստի դեպքում այդ չափը փոխկապակցելով երեխաների քանակի հետ: