
Օբաման ողջագուրվել է Էբոլա վիրուսով հիվանդների հետ շփված բուժքույրերի հետ

Ամերիկյան The Washington Post թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարարել է, որ ողջագուրվել ու համբուրել է այն բուժքույրերին, որոնք շփվել են Էբոլա տենդով հիվանդների հետ:
Օբաման ընդգծել է, որ խուճապի մեջ ընկնելու պատճառներ չկան, և որ գրեթե բացառված է երկրի քաղաքացիների կողմից Էբոլա վիրուսով վարակվելը: Օբաման հայտարարել է, որ բացարձակապես անվտանգ է զգացել Էբոլա վիրուսով հիվանդների հետ շփված բժիշկների հետ ողջագուրվելն ու նրանց համբուրելը:
Օբամայի խոսքերով՝ Արևմտյան Աֆրիկայում համաճարակի բռնկումն իրենից սպառնալիք է ներկայացնում ողջ միջազգային հանրության համար և որ անհրաժեշտ է համագործակցություն դրա դեմ պայքարում:
Օբաման նկատել է, որ օրեցօր ավելանում է հիվանդների թիվը և ավելի է բարդանում վարակվածների տեղաշարժերը վերահսկելը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 4477-ի: