«Ժառանգությունը» եռյակը լքելու ուղղությամբ քայլ է կատարում
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը երեկ, ըստ էության, արեց առաջին քայլն իր ներկայացրած կուսակցությունը եռյակից դուրս բերելու ճանապարհին: Եվս մեկ-երկու նման քայլ, և մինչև հաջորդ` հոկտեմբերի 24-ին նշանակված հանրահավաքը «Ժառանգությունն» այլևս չի լինի եռյակում, և հարթակում կանգնած կլինեն միայն ՀԱԿ և ԲՀԿ ներկայացուցիչները:
Երեկ ասուլիսի ժամանակ Զարուհի Փոստանջյանը հրապարակեց 8 կետից կազմված մի փաստաթուղթ, որը, ըստ նրա` պետք է դառնա եռյակի կողմից հրավիրված հանրահավաքի միասնական օրակարգը կամ այդ օրակարգի մի մասը: Մասնավորապես, Փոստանջյանն առաջարկում է, որպեսզի «Ժառանգության», ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունները Ազգային ժողովում սկսեն Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց, ԲՀԿ-ն պետք է հայտարարի, որ ճանաչում է Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին՝ որպես հանցագործների և, որ հետամուտ է լինելու նրանց քրեական հետապնդմանը և օրինական կարգով ազատազրկմանը, ինչը պետք է վերահաստատվի ՀԱԿ-ի և «Ժառանգության» կողմից, ապօրինի սեփականաշնորհված կամ ձեռք բերված գույքը վերադարձվի պետությանը, ինչպես նաև` պետությանը պետք է վերադարձվի ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական և Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մերձավոր օլիգարխների կողմից ապօրինի ձեռք բերված ունեցվածքը:
Զարուհի Փոստանջյանն առաջարկում է, որ իշխանափոխությունից հետո եռյակը ձևավորի անցումային ժամանակավոր կառավարություն, որը կգործի առավելագույնը վեց ամիս` մինչև օրինական իշխանությունների ձևավորումը, իսկ օրինական իշխանությունները կձևավորվեն արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման միջոցով:
Զարուհի Փոստանջյանը մտադիր է այս առաջարկները ներկայացնել «Ժառանգություն» կուսակցության վարչությանը, և վարչության կողմից ընդունվելու դեպքում այն պետք է կուսակցության կողմից ներկայացվի եռյակի անդամ մյուս կուսակցություններին և ընդգրկվի եռյակի կամ միացյալ հարթակի օրակարգում:
Զարուհի Փոստանջյանը շատ լավ հասկանում է, որ իր կողմից ներկայացված պահանջները չեն կարող ընդունելի լինել ԲՀԿ-ի և նրա ներկայացուցիչների համար: ԲՀԿ-ականները չեն կարող ասել՝ եկեք իշխանափոխություն անենք և նոր իշխանություն ձևավորենք, որը մեզ կզրկի մեր ունեցվածքից: Կամ մի՞թե պարզ չէ, որ ԲՀԿ-ական պատգամավորները չեն կարող միանալ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության պահանջին, եթե այդ խմբակցության անդամների մեծ մասը չի համարձակվում մասնակցել սեփական կուսակցության կազմակերպած հանրահավաքին, մտածելով, որ այնտեղ կարող է հնչել իշխանությանն ուղղված քննադատություն, որի համար հետո կարող են իրենցից պատասխան պահանջել: Մի խոսքով, Զարուհի Փոստանջյանը ներկայացնում է մի օրակարգ, որը ոչ մի կերպ չի կարող ընդունելի լինել ԲՀԿ-ի, և հետևաբար` նաև ՀԱԿ-ի համար:
Բայց «Ժառանգության» խնդիրն էլ հենց այն է, որ իր կողմից ներկայացված պահանջները չընդունվեն ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի կողմից, որպեսզի «Ժառանգությունը» միասնական հարթակի չձևավորման կամ ձախողման պատասխանատվությունը դնի այդ կուսակցությունների վրա: «Ժառանգության» ներկայացուցիչները կարող են միանգամայն հիմնավոր ասել, որ իրենք ներկայացրել են արմատական պահանջներ, մինչդեռ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը՝ վախենալով այդ պահանջներից և չընդունելով դրանք, մերժել են իրենց:
Խնդիրն այն է, թե որքանով է Զարուհի Փոստանջյանի ներկայացրած օրակարգն ընդունելի «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ցույց տվեց, որ Հովհաննիսյանն այդ հարթակում խորթ տարր է: Ավելին՝ Զարուհի Փոստանջյանը տեղեկացրեց, որ մինչև հանրահավաքը «Ժառանգության» ղեկավարը փորձել է հանդիպել ՀԱԿ և ԲՀԿ ղեկավարների հետ՝ հանրահավաքի օրակարգը նախապես հստակեցնելու համար, սակայն նրան մերժել են: Իսկ հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության դեմ հանդես եկողներին անվանեց «ջղաձգվողներ»` լավ իմանալով, որ ԵՏՄ անդամակցությանը դեմ հանդես է գալիս նաև «Ժառանգությունը», նրա ղեկավարը, իսկ «Ժառանգության» որոշ ներկայացուցիչներ այդ պայքարի առաջամարտիկներից են:
Արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակելո՞ւ է մնալ այն հարթակում, որտեղ իրեն վիրավորում են. այս հարցին Զարուհի Փոստանջյանի պատասխանը համարժեք էր հնչեցված վիրավորանքին. «Քաղաքական գործիչները զսպում են իրենց էմոցիաները, իսկ նա, ով վիրավորում է, նրան ընդունում են` որպես բարոյականությունից զուրկ մարդու»: Ավելի ուշ Փոստանջյանը Տեր-Պետրոսյանին մեղադրեց իր իշխանության ժամանակ ավտորիտար Սահմանադրություն ընդունելու մեջ, որով նա իր ձեռքն էր կենտրոնացրել ամբողջ դատական իշխանությունը:
Փոստանջյանը հիշեցրեց, որ 1995թ. ընդունված Սահմանադրությամբ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստացի լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ միաժամանակ հանդիսանում էր Արդարադատության խորհրդի նախագահ, իսկ նրա տեղակալներն էին Արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը: Ըստ Փոստանջյանի` մինչև այսօր էլ քաղաքական հետապնդումներ և հաշվեհարդարներ պարունակող դատական գործերը հանձնարարվում են այն դատավորներին, որոնց նշանակել է Արդարադատության խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ի՞նչ կարող է անել «Ժառանգությունը» եռյակից դուրս գալու դեպքում: Ամենայն հավանականությամբ, «Ժառանգությունը» կփորձի ցույց տալ, որ լինելով ավելի սկզբունքային և ավելի արմատական դիրքորոշում ունեցող կուսակցություն՝ ինքնուրույն է պայքարում իր կողմից ներկայացված առաջարկների իրականացման համար, և կփորձի այլընտրանքային շարժում ձևավորել: Հարցն այն չէ, թե ինչ արդյունքի կհասնի «Ժառանգությունն» այդ պայքարի արդյունքում, կարևորն այն է, որ «Ժառանգությունը» կֆիքսի, որ ինքը պահանջում էր իմպիչմենթ և ապօրինի ձեռք բերված սեփականության վերադարձ պետությանը, ինչին ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն չհամաձայնեցին: Հետագայում «Ժառանգությունը» մշտապես կարող է օգտագործել այդ փաստարկն ընդդիմադիր դաշտի իր մրցակիցների նկատմամբ: