
Պուտինը սահմանափակել է ռուսական ԶԼՄ-ների աշխատանքներին օտարազգիների մասնակցությունը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուսական ԶԼՄ-ների կապիտալում օտարազգի բաժնետերերի մասնաբաժնի սահմանափակման մասին օրենքը: Իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում նշված է, որ այսուհետ օտարազգիների մասնաբաժինը չի գերազանցի 20 տոկոսի սահմանագիծը:
Ավելի վաղ Ռուսաստանում օտարազգիներին թույլատրում էին դառնալ իրենց հետաքրքրող ԶԼՄ-ի կապիտալիս մինչև 50 տոկոսի սեփականատեր: Բացի ԶԼՄ-ներում օտարազգիների մասնաբաժինը սահմանափակելուց, օրենքում նշված է, որ օտարազգի քաղաքացիները, քաղաքացիություն չունեցողները և Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք ունեն նաև մեկ այլ երկրի քաղաքացիություն, իրավասու չեն հանդես գալ որպես ԶԼՄ-ների հիմնադիրներ:
Ընդգծվում է, որ նոր օրենքն առնչվելու է Ռուսաստանում գործող մոտ 30 լրատվամիջոցի: