ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն համարվել, այն էլ՝ արմատական. Վարդան Ղուկասյան. 1in.am

«Առաջին լրատվականը» զրուցել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ

-Պարոն Ղուկասյան, հետևո՞ւմ եք ներքաղաքական զարգացումներին: Եռյակն իշխանափոխութայն պահանջ է դնում, որին միացել է նաև Գագիկ Ծառուկյանն իր «Բարգավաճ Հայաստանով»:

-Ես դեմ եմ իշխանափոխությանը,որովհետև գիտեմ, որ այդ սկզբունքով յուրաքանչյուր իշխանափոխություն տարել է բացասական հետևանքների, երկիրը հայտնվել է տնտեսական վատ վիճակում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա դա չեմ հասկանում: Բա իրե՞նք չէին, որ մի ժամանակ հելել կանգնել էին իշխանության կողքը, կոալիցիա էին ստեղծում, էսօրվա նախագահին էին պաշտպանում: Հիմա ի՞նչ եղավ, ի՞նչ տեղի ունեցավ: Դե, որովհետև էնքան խաղեր են խաղացել, որ հիմա քաղաքականապես հարուստ մարդն էլ չի հասկանում, թե նրանք ինչ են ուզում ընդհանրապես:

-ԲՀԿ-ն և մյուսները համարում են, որ երկրում ստեղծված ծանր սոցիալական վիճակը, արտագաղթի ծավալների ավելացումը, աղքատության մակարդակի աճը և այլ արատավոր երևույթներ պայմանավորված են հենց Սերժ Սարգսյանով և նրա ղեկավարած ռեժիմով:

– Բայց իրենք ժամանակին հենց այդ իշխանության մի մասնիկն էին, մասնակից էին այդ բոլոր գործընթացներին: Բա իրենք իրենց մեղքի բաժինը չունե՞ն: Բոլորն էլ իրենց մեղքի բաժինն ունեն:Թե՞ աթոռներն են հետաքրքիր: Ես աթոռակռվին դեմ եմ: Ես բարեփոխումներին եմ կողմնակից: Որ ժողովուրդն այսօր վատ վիճակում է, որ ժողովուրդն այսօր դուրս է եկել փողոց, նման քայլերի է դիմում, ապա պետք է նստել և հասկանալ պատճառները: Ոչ թե առիթն օգտագործելով՝ աթոռակռիվ տան, այլ բոլորով նստեն քննարկեն խնդիրները և լուծում տան ու շարունակեն հետագա համագործակցությունը:

-Ծառուկյա՞նն է աթոռակռիվ տալիս:

-Բոլորի մասին եմ խոսում, բոլորին, ովքեր հրապարակ են դուրս եկել: Նրանք բոլորն էլ ուրիշ շահեր ունեն: Ընդհանրապես, աթոռակռիվն ուրիշ բան է, իսկ ժողովրդի շահերը պաշտպանելը՝ ուրիշ:

-Իսկ դուք ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին ընդդիմություն համարո՞ւմ եք: Ընկալվում է նա որպես ընդդիմադիր՝ ձեր կարծիքով:

-Ես Գագիկ Ծառուկյանի հետ ոչ մի թշնամանք չունեմ: Ես հարգել եմ իրեն, լավ էլ գործեր է անում, իր ունեցվածքից ողորմություններ է տալիս: Չկա մի կուսակցություն, որ մեջը լավ կամ վատ մարդիկ չլինեն, գյուղ չկա, որ շուն չլինի: Նրանք բոլորն էլ հայ են, հայի զավակներ են, բայց էս պահին, պատերազմական այս պայմաններում իշխանափոխության պահանջ դնելը աբսուրդ է: Չնայած Ծառուկյանը դեռ նման բան չի էլ ասել: Բայց այ, իրենց առաջարկած 12 կետերին դեմ չեմ, դրանք շատ լավ կետեր են: Ես կողմնակից եմ, որ առաջարկություններ արվեն ի շահ մեր պետության և ժողովրդի: Թող այդ կետերը քննարկեն ԱԺ-ում և համաձայնության գան, նստեն քննարկեն: Իսկ առհասարակ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն համարվել, այն էլ՝ արմատական ընդդիմություն: Իրենք մի ժամանակ ասում էին, որ իրենք այլընտրանք են, այդպես էլ կա:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս