Բաժիններ՝

Գնումների գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն՝ Պաշտպանության նախարարությունում

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն` նվիրված նյութատեխնիկական միջոցների ապահովման, գնումների գործընթացի ծրագրավորման և պլանավորման, ինչպես նաև` ԶՈւ-ում կարգապահության ամրապնդման խնդիրների քննարկմանը: Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ  հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավվել է նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների և առանձին բաժինների, բաժանմունքների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցել է նաև Պաշտպանության բանակի ղեկավար կազմը:

Բացելով նիստը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած խնդիրները, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ չնայած գնումների գործընթացի բարելավման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՊՆ և ԶՈՒ ղեկավար կազմի կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքներին, այդուհանդերձ, որոշ սպաների անհետևողական աշխատանքի և պարտականությունները ժամանակին չկատարելու պատճառով ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ, որոնց մեղավորները կարճ ժամանակ անց հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում` արժանանալով խիստ պատժի:

Անթույլատրելի համարելով որոշ զինվորականների ցուցաբերած անփութությունը և հրահանգելով բացառել նմանատիպ երևույթները, Սեյրան Օհանյանը նշել է, որ անհրաժեշտ է միասին ուղիներ փնտրել իրավիճակը կարգավորելու համար: Ըստ այդմ` պաշտապանական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ խորհրդակցության ընթացքում ներկայացված վերլուծությունները, տրված ցուցումներն ու հանձնարարականները ուղենիշ կհանդիսանան բոլոր զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների գործունեության, գնումների գործընթացի հետագա բարելավման համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս