Րաֆֆի Հովհաննիսյանը տարբերվում է «ջղաձգվողներից»
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի ԵԱՏՄ անդամակցությանը դեմ հանդես եկող անհատների և քաղաքական ուժերին, նրանց մեղադրեց անտեղի ջղաձգումների մեջ: Այսօր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք այդ ձևակերպումը վերաբերում է նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն, ով նույնպես այդ միությանը Հայաստանի անդամակցության դեմ պայքարողներից է, ասաց. «Պրոբլեմը այն չի, որ ինչ-որ մեկը ջղաձգվում է, պրոբլեմը այն է, որ մարդիկ փորձում են խոսել մի քաղաքական գործընթացի մասին, և գնահատակններ տալ՝ ելնելով անկապ ելակետերից: Նախ՝ եթե դուք Եվրասիական տնտեսական միության դեմ եք և համարում եք, որ դա հանցագործություն է, ո՞վ էր խանգարում ձեզ հենց նույն օրը, փառք Աստծո, մի քանի այլ հրապարակ կա Հայաստանում, գնալ և ելույթ ունենալ այնտեղ, և բողոքել Սերժ Սարգսյանի դեմ, ով ստորագրել է այդ պայմանագիրը: Հիմա ես իրենց մեղադրում եմ, այդ 20-30 ջղաձգվողներին, նրանց բոլորին մեղադրում եմ Հայաստանի ինքնիշխանությունը ծախելու համար: Որովհետև իրենք համարում են, որ ծախվել է բայց չեն բողոքում: Ի տարբերություն նրանց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը դա չի դարձնում շարժման օրակարգի հարց՝ հասկանալով, որ եթե անգամ ինքը Եվրասիական միության դեմ է, այսօր շատ ավելի կարևոր քաղաքական գործընթացի, շատ ավելի կարևոր քաղաքական օրակարգի ձևավորման խնդիր կա»:
Իսկ պատասխանելով այն հարցին՝ արդյոք հաջորդ հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելո՞ւ է, նա ասաց. «Աստված մեծ ա, կարծում եմ, որ ոչ մի խանգարիչ կամ խափանիչ հանգամանք չի ստեղծվի»: