«Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում և հարգվում են դատարանի որոշումները». Լեո Նետեն

Կատարողական վարույթի խնդիրների ավանդական և նորարարական լուծումները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ ողջույնի խոսքով է հանդես եկել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը:
Իր ելույթում Լեո Նետենը նշել է, որ իր համար պատիվ է մասնակցել այս համաժողովին, և դա վկայում է Դատական կատարողների միջազգային միության և Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության ծառայության բարձր մակարդակի արդյունավետ համագործակցության մասին:

«Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում և հարգվում են դատարանի որոշումները։ Դատական կատարողի մասնագիտությունը բավարարում է արդարադատության իրավաչափ անհրաժեշտության պահանջը։ Այս պահանջը բավարարելու նպատակով մեր մասնագիտությունը, ինչպես նաև արդարադատությունն առհասարակ, պետք է մշտապես ինքն իրեն մարտահրավերներ նետի։ Այդ մարտահրավերը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս պատշաճ բավարարել արդյունավետ և որակյալ արդարադատություն ունենալու պահանջը, առանց որի քաղաքակրթությունը քաոսի մեջ կհայտնվի։

Ձեր ընտրած թեման և դրա ներկայացման ձևերը ցույց կտան, թե որքանով է դատական կատարողի մասնագիտությունն իրազեկ, որ այն կարևոր նշանակություն ունի սոցիոլոգիական և տեխնոլոգիական զարգացումների կայուն ընթացքն ապահովող գործընթացներին աջակցելու և դրանք հնարավորինս վաղ կանխատեսելու հարցում», – ընդգծել է ԴԿՄՄ նախագահը։ Պարոն Նետենը տեղեկացրել է, որ միջազգային այս համաժողովի քննարկումները կշարունակվեն «Հարկադիր կատարման կարգի վերաբերյալ» 2014 թ. դեկտեմբերի 10–ին կայանալիք Առաջին համաշխարհային ֆորումի ժամանակ, որը կազմակերպվում է Դատական կատարողների միջազգային միության և Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԵԽԱԱԵՀ) կողմից:

Լեո Նետենը շնորհավորել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության ծառայությանն ու ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին միջազգային գիտագործնական համաժողովն արդեն երկրորդ անգամ պատշաճ մակարդով կազմակերպելու կապակցությամբ և հաջող ընթացք մաղթել նախատեսված քննարկումներին:

Տեսանյութեր

Լրահոս