Հայաստանում պաշտոնապես բացվեց UWC Դիլիջան քոլեջը (լուսանկարներ). mediamax.am
mediamax.am-ը գրում է. Այսօր Դիլիջան քաղաքում հանդիսավորությամբ բացվեց UWC Դիլիջան քոլեջը, որն Աշխարհի Միացյալ Քոլեջներ (United World Colleges – UWC) կրթական ցանցի առաջին միջազգային դպրոցն է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ տարածքում։
Հետխորհրդային տարածքում առաջին անգամ ստեղծվել է մի դպրոց, որն աշխատանքը սկսելու առաջին իսկ տարում կարողացավ է 96 աշակերտ հավաքել աշխարհի մոտ 50 երկրից՝ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՊՀ այլ պետություններից, Եվրոպայից եւ Ասիայից, Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներից, Ավստրալիայից։
UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանն այսօր շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր հավատացել են դպրոցի կառուցման նախագծին եւ առաջին օրվանից իրենց ներդրումն ունեցել այդ գործում:
«Այսօր շատ կարեւոր օր է Հայաստանի համար: Ես վստահ եմ, որ կրթությունը յուրաքանչյուր ազգի հաջողության հասնելու գրավականն է, եւ ես հույս ունեմ, որ մեր դպրոցը կկարողանա Հայաստան բերել կրթության միջազգային չափանիշները: Հույս ունենք նաեւ, որ մեր դպրոցն օրինակելի կդառնա Հայաստանյան շատ այլ դպրոցների համար», – ասել է Ռուբեն Վարդանյանը:
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը, Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, դպրոցի հիմնադիրներն ու գործընկերները, ինչպես նաեւ մոտ 1000 պատվավոր հյուրեր, որոնցից շատերն այս նախագծի նվիրատուներն են։
UWC Դիլիջան քոլեջին ողջույնի տեսաուղերձներ են հղել Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը, որը 17 տարի շարունակ գլխավորել է UWC շարժումը, հայտնի թենիսիստ եւ բարեգործ Անդրե Աղասին եւ դիրիժոր Վալերի Գերգիեւը։
UWC Դիլիջան քոլեջը լայնամասշտաբ բարեգործական նախաձեռնություն է։ Դպրոցի շինարարությունն իրականացվում է նվիրատուների միջոցների հաշվին։ Բացման պահի դրությամբ զուտ շինարարական ծախսը կազմել է 115 միլիոն դոլար։ Երկրորդ փուլի շինարարության արժեքը 75 միլիոն դոլար է։ Նախատեսվում է, որ ամբողջ ընթացքում նախագծի հավելյալ ծախսը (հողատարածքի գնում, ճարտարապետաինժեներական աշխատանքներ եւ ենթակառուցվածքների զարգացում) կկազմի մոտ 30 միլիոն դոլարը։ Դպրոցի օպերացիոն բյուջեն մոտակա 5 տարիներին միջինում կկազմի տարեկան 8 միլիոն դոլար։ Աշխատանքային ծախսերի մեծ մասը ծածկվելու է նպատակային դրամագլխի (endowment fund) կառավարմամբ ստացվող շահույթի եւ կրթաթոշակային ֆոնդի ռեսուրսների հաշվին։
2023 թ. UWC Դիլիջան քոլեջը, որում ներկայումս ուսանում է 16-17 տարեկան 96 աշակերտ, կհասնի նախատեսված լիակատար բեռնվածությանը, եւ աշակերտների ընդհանուր թիվը կկազմի 650, իսկ ուսուցիչներինը՝ ավելի քան 60 մարդ։
Դպրոցում այժմ դասավանդում է 25 ուսուցիչ, իսկ տնօրենի պաշտոնը 2014 թ. հունվարից զբաղեցնում է Ջոն Փադըֆութը՝ Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքի Ագա Խան Ակադեմիայի հիմնադիր տնօրենը եւ Մեծ Բրիտանիայի Իթոնի քոլեջի նախկին փոխտնօրենը։
Ուսուցումն անգլերեն է եւ իրականացվում է աշխարհի առաջատար համալսարանների կողմից ճանաչված IB Diploma (Միջազգային Բակալավրիատի դիպլոմ) ծրագրով։ 2017 թ. կսկսվի 13-14 տարեկան աշակերտների ընդունելությունը IGCSE (Միջնակարգ կրթության միջազգային ընդհանուր ատեստատ) ուսումնական ծրագրով։
«Յուրաքանչյուր երկրի հիմնական հարստությունն ու մրցունակության գլխավոր երաշխիքն իր տաղանդավոր եւ ստեղծագործ մարդիկ են, ուստիեւ կրթությունը, այդ թվում՝ նախաբուհական, մեզ համար գերակա ուղղություններից մեկն է։ UWC Դիլիջան քոլեջի ստեղծումը, որը հնարավոր դարձավ հիմնադիր-գործընկերների աջակցության շնորհիվ, ամենացայտուն կերպով ի ցույց է դնում սոցիալական ոլորտում ներդրումների ներուժն ու վերափոխիչ բնույթը»,– ասել է RVVZ հիմնադրամի հիմնադիր, UWC Դիլիջան քոլեջի հիմնադիր-գործընկերների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը։ «Մենք այժմ ստեղծում ենք նպատակային դրամագլուխ, որի կառավարումից ստացվող եկամուտն էապես օժանդակելու է շնորհալի պատանիներին նախատեսված կրթաթոշակների հատկացմանը եւ մեր դպրոցի գործունեության ֆինանսավորմանը։ Մյուս կողմից, Դիլիջանում միջազգային դպրոցի բացումը կնպաստի նոր աշխատատեղերի ի հայտ գալուն, ենթակառուցվածքների նորացմանը, ինչպես նաեւ Դիլիջան քաղաքի եւ ամբողջ տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացմանը»։
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: