Բաժիններ՝

Եթե պիտի ապրեմ ինչ-որ մեկի թելադրանքով, ապա միայն Աստծո. Շուշան Պետրոսյան

qahana.am-ը զրուցել է Շուշան Պետրոսյանի հետ

– Առօրյայում հաճախ ենք լսում այսպիսի արտահայտություններ. «Ճակատագրից չես փախչի», կամ «Ճակատին դա էր գրված»: Գործածակա՞ն են դրանք Ձեզ համար:

– Ոչ, երբեք չեմ գործածել այդպիսի արտահայտություններ, բայց դա չի նշանակում, որ համաձայն չեմ այն փաստի հետ, թե Աստված ինչպես կամենա, այնպես էլ կլինի: Դրանք շատ տարածված են և իրենց հիմքում ճշմարտություն ունեն: Աստված ինձ ձայն է տվել: Յուրաքանչյուր հաջողված համերգից հետո Նրան շնորհակալություն եմ հայտնում, քանզի երգն իմ հանապազօրյա հացն է, ինչպես նաև այն միջոցը, որով կարող եմ ուրախացնել մարդկանց, հույս տալ, օգնել մարդկանց, որ մոռանան տառապանքն ու ճնշող ցավը, որ իրենց հոգում կա: Դրա համար շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ այդ շնորհը պարգևել է: Նա միշտ էլ մարդկանց հանդեպ շատ առատաձեռն է: Մենք պիտի կարողանանք կերտել մեր ապագան:

– Յուրաքանչյուր անհատ կարո՞ղ է իր կյանքում որևէ հարցում փոփոխություն մտցնել, թե՞ ամեն ինչ որոշում է նախախնամությունը:

– Երբ մարդը որևէ ստեղծագործություն է արարում, ինքն է դրան շունչ տալիս: Աստված ստեղծում է մարդուն, և ոչ մեկը մյուսին նման չէ: Ամեն մեկն անհատականություն է: Սա ևս հորոսկոպների հերքման մի դրսևորում է: Ճակատագրով մեկն արվեստագետ է, մյուսը՝ գիտնական, մեկ ուրիշը` մայր է, զինվոր, նահապետ: Եթե յուրաքանչյուրը գնահատի իրեն ըստ տրված շնորհի ու առաջ գնա՝ կերտելով իր ապագան, կստանա առավել շատ աստվածային շնորհներ: Ցանկացած մարդ պիտի իր սեփական դեմքն ունենա, ճշմարտության համար կռիվ տա, աշխատելուց չհոգնի: Այդպես պիտի կարողանա փոխել իր կյանքը, այլապես մանուկ կմնա:

– Աստված մարդուն ազատ կամք է ընձեռել: Օգտվո՞ւմ եք դրանից, թե գերադասում եք ուրիշի թելադրանքով ապրել:

– Եթե պիտի ապրեմ ինչ-որ մեկի թելադրանքով, ապա միայն Աստծո: Չեմ ուզում մանրանալ՝ ասելով, որ չեմ գողանում, չեմ սպանում և այլն, բայց փորձում եմ սխալներ չանել: Լինելով արվեստի ասպարեզում, երաժշտության և հատկապես փոփ -երաժշտության ոլորտի մարդ, իմ առջև խնդիր եմ դրել ոչ ոքի հետ չհամեմատվել ոչ թե որովհետև ես լավն եմ, այլ որովհետև ես՝ ես եմ: Յուրաքանչյուր մարդ իր ձևի մեջ անկրկնելի է: Ես կարող եմ դա ընդունել կամ ոչ, բայց մրցակցությունն ինձ համար չէ: Ես անում եմ այնքան, որքան կարող եմ և երբեք դիմացինից նույնը չեմ պահանջում: Դա չի նշանակում, թե նա վատն է, գուցե նրա ունակություններն անկրկնելի են և ավելի արժեքավոր:

Երգչի համար ամենակարևորն իր երգը գտնելն է, եթե քո կատարած երգը ընդունում է ժողովուրդը, ուրեմն գտել ես քո երգը: Գիտեմ, որ չի կարելի կուռքեր ստեղծել, այնուհանդերձ կուռքեր, ուսուցիչներ ունեմ, նրանցից առաջինը մայրս է՝ երգարվեստում, այնուհետև՝ հայրս նկարչության մեջ, քանի որ մասնագիտությամբ նկարչուհի եմ: Ձևավորվել եմ արվեստագետների միջավայրում և շնորհակալ եմ նրանցից, ինչպես նաև շատ-շատ երաժիշտներից, որոցից սովորել եմ երգել: Սակայն դա չի նշանակում, որ նրանք ղեկավարում են ինձ: Աստված մարդուն ստեղծել է կատարյալ և ազատ, տվել բազում շնորհներ, որոնք պետք է զարգացնել:

– Մարդը կարո՞ղ է որոշել դիմացինի ապագան, նույնիսկ մահվան օրը:

– Ուսանողական տարիներին զբաղվել եմ այդպիսի բաներով, բայց երբեք կարևորություն չեմ տվել: Ինձ համար ավելի հաճելի է պառկել երկնքի տակ, նայել աստղերին, ասուպներ փնտրել, քան թե զբաղվել այդպիսի ունայն բաներով: Գուշակությունը սարսափելի երևույթ է, իսկ եթե մարդն իրեն իրավունք է վերապահում խառնվել ուրիշի ճակատագրին կամ փոփոխել այն, դա արդեն ահռելի մեղք է:

– Կարևորո՞ւմ եք հավատալիքների (թալիսմանների) դերը մարդու կյանքում:

– Հյուրախաղերի գնալիս հաճախ տղայիս իրերն եմ վերցնում: Ունեմ նույնիսկ սիրելի իրեր, որոնց հետ շատ եմ կապված, սակայն դրանցից ոչ մեկն այնպիսի ազդեցություն չունի, ինչպես Աստված: Իմ մտերիմները գիտեն, որ համերգից մի քանի րոպե առաջ առանձնանում եմ՝ «Հայր մեր»-ը և Ս. Գրիգոր Նարեկացու աղոթքներն ասելու համար: Դա ինձ համար յուրօրինակ ծես է: Երբեք չեմ վախեցել օդանավ նստելուց. տեղավորվում եմ, աղոթում և ինձ հանձնում Աստծուն:

– Վստա՞հ եք, որ երգելու և նկարելու շնորհները Ձեզ Աստված է տվել և ոչ թե ժառանգաբար են փոխանցվել:

– Այո, վստահ եմ, որ Աստված է ինձ տվել, չնայած, որ գոյություն ունի ժառանգականության գործոնը: Բայց կարող եմ փաստել, որ շատ արվեստագետների զավակներ բժիշկներ են, մաթեմատիկներ: Այնուհանդերձ, մենք բոլորս անկրկնելի ենք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս