Բաժիններ՝

Անվանի գիտնականները` Հայաստանում. ընթանում է ՀՈՒՄԸ-ի հերթական համաժողովը

Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցությունն (AIEA/ՀՈւՄԸ) այսօր իր 13-րդ համաժողովն անցկացրեց Երևանում` Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ:

Համաժողովը սկսվեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ Սեն Արևշատյանի: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանն ընդգծեց, որ նրա կորստով հայագիտությունը ևս մեծ կորուստ կրեց:

Նրա խոսքով` նման համաժողովները շարունակական բնույթ են կրելու և իրենց ցանկությունն է Մատենադարանի նոր սերունդներին ևս ընդգրկել այդ գործընթացում. «Հայագիտությույնն առաջին հերթին հայրենագիտություն է, և նման նախաձեռնությունը` իբրև գործունեության ծրագիր, միտված է զարգացնելու այն և՛ նոր տեսություններով ու մեթոդաբանությամբ, և՛ գիտական ու թարգմանական հարստացված ապարատով: Այս համատեքստում մենք լիահույս ենք, որ ընկերության բոլոր 400-ից ավելի անդամները կդառնան իսկական մատենադարանցիներ»:

Իր խոսքում պարոն Թամրազյանը հայտնեց նաև, որ եկող տարի Արցախում` «Գանձասար» վանական համալիրում հանդիսավորապես կբացվի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի Գանձասար գիտամշակութային կենտրոնը` իբրև Մատենադարանի մասնաճյուղ. «Այն կունենա իր գիտական ու ցուցադրական մասերը: Մոտ 5 տարի նախապատրաստում ենք ցուցանմուշներ թանգարանային մասի համար»:
Համաժողովի ընթացքում իր ողջույնի խոսքն ասաց նաև Ընկերակցության նախագահ Վալենտինա Կալցոլարին, ով համաժողովը կարևորեց հատկապես այն առումով, որ AIEA-ի գոյության 33 տարիների ընթացքում այն առաջին անգամ տեղի է ունենում Հայաստանում, որը նաև լավագույն առիթ է եվրոպական տարբեր համալսարաններ ներկայացնող գիտնական-հայագետներին հայագիտության բնօրրանում համախմբելու համար:

Կարդացեք նաև

Համաժողովի մասնակիցներին իրենց ուղերձներն էին հղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, ովքեր իրենց խոսքերում ևս հաջողություն էին մաղթել բոլոր հայագետներին` կարևորելով նրանց գիտական բեղմնավոր գործունեությունը:

Բանախոսների շարքում էր նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:

Համաժողովի 3 օրերի ընթացքում տեղի են ունենալու 16 նիստեր, ընթերցվելու է 70 զեկուցում, որից 50-ը արտասահմանից ժամանած հայագետների կողմից:
Համաժողովի շրջանակում նախատեսվում են նաև մշակութային ծրագրեր և այցելություններ, այդ թվում` Արցախում կառուցվող Մաշտոցյան մատենադարանի «Գանձասար» գիտամշակութային կենտրոն:

Նշենք, որ Հայագիտական Ուսումնասիրությունների Միջազգային Ընկերակցությունը հիմնադրվել է 1981թ.` հայագետներ Մայքլ Սթոունի և Յոս Վայթենբերգի նախաձեռնությամբ: Միավորում է ավելի քան 20 երկրներից 400-ից ավելի հայագետներ:
Ընկերակցության հիմնական կորիզն են կազմում եվրոպական բարձրագույն ուսումնական հաստատություններում գործող հայագիտական կենտրոնների առաջատար ուժերը` օտարազգի և հայ գիտնականներ:

Ընկերակցության հիմնական նպատակներից է խթանել հայագիտության զարգացումն իր բոլոր բնագավառներով, ի մի բերել և գիտական շրջանառության մեջ դնել նորագույն ուսումնասիրությունների արդյունքները, ինչպես նաև կազմակերպել այս ոլորտի մասնագետների փորձի փոխանակումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս