Բաժիններ՝

Լրագրողների մոտ Գլխավոր դատախազի տղայական պահվածքը. 1in.am

1in.am-ի փոխանցմամբ՝ այսօր Վճռաբեկ դատարանում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի ընտրության հարցազրույցի փուլի ժամանակ մրցութային հանձնաժողովի անդամ, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից լրագրողը ցանկացավ մեկնաբանություն ստանալ, բայց հարցերը նրան դուր չեն եկան, ու գլխավոր դատախազը վիրավորեց լրագրողին:

Հարցերը տվյալ դեպքում վերաբերում էին մրցութային հանձնաժողովի անդամների օբյեկտիվությանը. չէ՞ որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ լինելու համար դիմողներից մի քանիսը աշխատում են հանձնաժողովի անդամների ղեկավարած գերատեսչություններում: Օրինակ՝ Եղիշե Կիրակոսյանն աշխատում է Սահմանադրական դատարանում՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի խորհրդականն է: Նման դեպքում Գ. Հարությունյանն ինչպե՞ս կարող է օբյեկտիվ լինել իր խորհրդականի նկատմամբ և արդյոք չի՞ փորձի նրա նկատմամբ սուբյեկտիվ վերաբերմունք դրսևորելով՝ բարձր գնահատական նշանակել կամ հանձնաժողովի մյուս անդամներին նույնպես ուղղորդել նրան բարձր գնահատականներ տալ:

Նույն Գ. Կոստանյանը կարո՞ղ է արդյոք օբյեկտիվ գնահատել իր աշխատակցուհու՝ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանի հարցազրույցը: Եվ ընդհանրապես՝ այդ մրցութային հանձնաժողովը կարո՞ղ է օբյեկտիվ լինել, եթե բոլոր անդամները պետական պաշտոնյաներ են և գտնվում են իշխանությունների ազդեցության ներքո: Արդյոք նրանք ի վերջո «հաղթողներ» չե՞ն ճանաչի այն թեկնածուներին, որոնք հովանավորվում են իշխանությունների կողմից: Այս վերջին հարցը ու հատկապես այն հանգամանքը, որ լրագրողը փորձեց ընդհատել Գ. Կոստանյանին, դուր չեն եկավ նրան: Եվ Հայաստանի գլխավոր դատախազը վիրավորեց լրագրողին:

– Պարոն Կոստանյան, մրցութային հանձնաժողովը կարո՞ղ է օբյեկտիվ լինել, երբ բոլոր անդամները պետական պաշտոնյաներ են: Չէ՞ որ հանձնաժողովի որոշ անդամների աշխատակիցներ իրենց թեկնածությունն են առաջադրել այս մրցույթին:

– Ուրեմն որևէ մարմնի օբյեկտիվության գնահատման երկու չափանիշ կա: Չափանիշ առաջին՝ ինստիտուցիոնալ, և չափանիշ երկրորդ՝ ընթացակարգային: Դա վերաբերում է ցանկացած տիպի մարմինների: Ինստիտուցիոնալ անկախությունը վերաբերում է նրան, որ մարմնի բոլոր անդամները կախվածություն չունենան, առնվազն մեկը մյուսի հետ փոխկապակցվածություն չունենան: Այսինքն՝ հանձնաժողովն անկախ է՝ ինչպես յուրաքանչյուր անդամ մեկը մյուսից, այնպես էլ որևէ կոնկրետ պետական մարմնից: Այսինքն՝ այս հանձնաժողովի ինստիտուցիոնալ անկախությունն արդեն երաշխավորված է: Երկրորդը ընթացակարգային, պրոցեդուրալ անկախությունն է: Հանձնաժողովի գործունեության կարգը, քվեարկության կարգը, որոշումների ընդունման կարգն ինքնին այնպիսին է, որ չի կարող ողջամտորեն կասկածի տակ դնել հանձնաժողովի անկախությունը:

– Ինչպե՞ս համոզված լինենք, որ Դուք օբյեկտիվ կլինեք Ձեր աշխատակցուհուն գնահատելիս, ով այս պահին մասնակցում է հարցազրույցին:

– Նախ կարծում եմ, որ Դուք պետք է համոզված լինեք: Դա ձեզ համար համոզիչ է, թե չէ՝ դա քառասունութերորդ հարցն է, որովհետև ես այդ որոշումը կայացնում եմ ոչ թե ձեզ կամ ինձ համար, այլ մեր երկրի համար:

– Բայց այդպիսով Դուք կարո՞ղ եք նրան հովանավորել:

– Մի ընդհատի ինձ:

– Բայց կարող եմ ընդհատել և ճշտող հարց տալ:

– Դե, որ ընդհատում ես, գնա ընդհատիր (Գ. Կոստանյանը չհանդուրժեց, որ իր խոսքը հարցով ընդհատվեց ու հեռացավ):

– Ներողություն: Իսկ ինչպե՞ս համոզված լինենք, որ հանձնաժողովն իշխանությունների թեկնածուին չի ընտրի:

– Իշխանության թեկնածու գոյություն չունի, աղջիկ ջան:

– Ես աղջիկ ջան չեմ, տղա ջան:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս