
Հայտնի են դարձել ֆիզիոլոգիայի ու բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրները

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ստոկհոլմում հայտարարել են ֆիզիոլոգիայի ու բժշկության գծով Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները: Նոբելյան մրցանակակիրներ են դարձել անգլո-ամերիկացի գիտնական Ջոն ՕԿիֆը և նորվեգացի զույգ Մեյբրիտ ու Էդվարդ Մոզերները:
Մրցանակը կիսած գիտնականները պարգևատրվել են նեյրոֆիզիոլոգիայի ոլորտում իրենց հետազոտությունների համար, ինչը մասնավորապես վերաբերում է ուղեղում նեյրոնային ցանցերի դիրքավորվածության ու աշխատանքի ուսումնասիրմանը:
Նրանց հետազոտման առարկա է դարձել մարդու ուղեղում առկա յուրօրինակ «նավիգացիոն համակարգը», որը նման է GPS-ին, և որը մարդուն (ինչպես նաև կենդանիներին) հնարավորություն է տալիս հասկանալ, թե որտեղ է գտնվում, ինչպես նաև ճանաչել արդեն հայտնի ճանապարհները: