Բաժիններ՝

Ուսուցչի օրվա առիթով օրհնության կարգ է մատուցվել Սուրբ Սարգիս եկեղեցում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի եւ Արարատյան հայրապետական թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեւոն Սարգսյանի եւ մայրաքաղաքի ավագ դպրոցների տնօրենների հետ միասին մայրաքաղաքի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ներկա է գտնվել Սբ. Պատարագին, որի ավարտին Ուսուցչի օրվա առիթով մատուցվել է օրհնության կարգ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սուրբ պատարագը մատուցվել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Այնուհետ, Ուսուցչի օրվա կապակցությամբ, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում, օրհնության կարգին մասնակից պաշտոնյաների եւ ավագ դպրոցների տնօրենների մասնակցությամբ տեղի է ունեցել «Գրաբարյան օրեր» ծրագրի շնորհանդեսը:

Նախաձեռնության հեղինակները, գրաբարի ուսուցման համար ստեղծված www.grabar.am կայքով ներկայացնելով ծրագրի մանրամասները, ընդգծել են, որ «Գրաբարյան օրեր» ծրագրի նպատակն է ցույց տալ, որ գրաբար սովորելն ու ընկալելն ամենեւին դժվար չէ:

«Գրաբարյան օրեր» ծրագրով նախատեսվում է մայրաքաղաքի կրթօջախներում կազմակերպել միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, ինչպես նաեւ գրաբարի տեսադասընթացի ցուցադրություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս