Պառավի ուլեր. «Առավոտ»

«Առավոտ» թերթի խմբագիր Արամ Աբրահամյանն իր խմբագրականում գրում է. «Ընկերներիցս մեկը վերջերս կարծիք է հայտնել, որ մեր պետության կայացման համար անհրաժեշտ է 40 տարի, որից 23-ն արդեն անցել է: Դա, բնականաբար, Աստվածաշնչից վերցրած ժամկետ է՝ հենց այդքան է Մովսեսը «ման ածել» իր ժողովրդին անապատով՝ մինչեւ որ ապրելու ճիշտ տեղը գտավ: Բայց ինձ ավելի շատ դուր է գալիս այն բացատրությունը, որ Մովսեսի նպատակն էր իր մարդկանց մեջից հանել ստրկության ոգին: Այդ վարկածը համահունչ է նաեւ իմ ընկերոջ կանխատեսմանը: Ինչո՞ւ 40 տարի: Հավանաբար, այն պատճառով, որ դա մի մարդու ակտիվ կենսագործունեության ժամկետ է: Կոնկրետ մեր դեպքում նրանք, ովքեր 1991 թվականին ուժերի ծաղկման շրջանում էին՝ 30-40 տարեկան (այդ թվում՝ ես), 2031 թվականին հասարակական լուրջ դեր չեն խաղա: Մենք, հուսով եմ, կապրենք եւ կաշխատենք, բայց դա չի լինի մեր ժամանակը: Դա կլինի նրանց ժամանակը, ովքեր ծնվել են 1991 թվականից հետո:

Այդ սերնդի եւ մեր տարբերությունները ակնհայտ են՝ նրանք չեն տեսել համահարթեցման եւ ճնշման այն մեխանիզմները, որոնք գործում էին մեր պատանեկության եւ երիտասարդության տարիներին: Նրանց համար հենց սկզբից պետական էր եռագույն դրոշը, ոչ թե մուրճ-մանգաղավորը, որը մարմնավորում էր ինչ-որ անհասկանալի դասակարգերի հեգեմոնիա, նրանց մայրաքաղաքը Երեւանն է, ոչ թե հեռավոր Մոսկվան, նրանք ծառայել եւ ծառայելու են հայկական բանակում, նրանց պետական լեզուն միշտ եղել է հայերենը: Գումարած դրան՝ նրանք երբեք որեւէ խոչընդոտ չեն ունեցել որեւէ տեղեկատվություն ստանալու համար»:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս