Լիսկայի որդին անհետացել է. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» գրում է. «Սյունիքի նորանշանակ մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շուրջ երեկ երկու նոր իրադարձություններ են տեղի ունեցել, երկուսն էլ, հասկանալիորեն, սկանդալային երանգներով: Նախ՝ Գորիսի ոստիկանությունը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանին (նստավայրը Գորիս) գրությամբ տեղյակ է պահել, որ չի կարողանում հայտնաբերել Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին (նկարում): Իսկ դա պարզվել է Բուդաղյանների գործով դատավարության երեկվա նիստի ընթացքում:

Սեպտեմբերի 4-ի նիստում դատարանը Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշում էր կայացրել, որովհետև նա գործով անցնում է որպես վկա, բայց դատարանի կանչերին, ծանուցագրերին չի արձագանքել:

Եւ ահա երեկ, դատական նիստերի քարտուղարը դատարանում հայտարարել է, թե բերման ենթարկելու մասին որոշման վերաբերյալ ոստիկանությունից գրություն է ստացվել, որով հայտնել են, որ իրենց կողմից իրականացված միջոցառումներով մինչ այժմ հնարավոր չի եղել պարզել Տիգրան Խաչատրյանի գտնվելու վայրը և օրենքով սահմանված կարգով նրան դատարան ներկայացնել. «Միջոցառումները շարունակվում են, Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու դեպքում կհայտնվի լրացուցիչ»,- ոստիկանության գրությունը հրապարակել է նիստերի քարտուղարը:

Սա այն դեպքում, երբ Խաչատրյան կրտսերին Գորիսում տեսնողներ են եղել, և նույնիսկ նրա մայրը՝ Լորետա Խաչատրյանը, դատարանում չի ժխտել, որ որդին գտնվում է Գորիսում: Այս պայմաններում, ահա, սույն գործով որպես մեղադրյալ անցնող Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը երեկ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Նապոլեոն Օհանյանին: Ալումյանը հայտարարել է, որ քանի դեռ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետ է, ինքը Գորիսում իր մասնագիտական պարտականությունները կատարելիս իրեն ապահով վիճակում չի զգում: Ալումյանը ցանկանում է, որ դատավարությունը Սյունիքի մարզից տեղափոխվի այլ վայր: Դատավորը, ինչպես և սպասվում էր, մերժել է միջնորդությունը, ինչից հետո Ալումյանը լքել է դատական նիստերի դահլիճը հետևյալ խոսքերով.

«Ես համարում եմ, որ այս դատավարությունում չեմ կարող պատշաճ որակի փաստաբանական ծառայություններ իրականացնել: Ցավում եմ, բայց այսօր ստիպված եմ հեռանալ նիստերի դահլիճից: Շարունակեք դատավարությունն առանց ինձ, եթե, իհարկե, սա կարելի է կոչել դատավարություն»: Սույն գործին Ալումյանի հետագա մասնակցության հարցը դեռևս անորոշ է:

Երկրորդ զարգացումն այն է, որ երեկ մեր թղթակցին այդպես էլ չի հաջողվել գտնել այն մարմինը, ով Սուրիկ Խաչատրյանին պատմափիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում է շնորհել: Իսկ Սյունիքի մարզպետարանի մամուլի քարտուղարն ասել է, թե իրականում Սուրիկ Խաչատրյանը ոչ թե պատմափիլիսոփայական, այլ միայն փիլիսոփայական գիտությունների դոկտոր է: Սյունիքի մարզպետարանում ասել են, թե իրավիճակի կապակցությամբ շուտով պարզաբանում են տարածելու, բայց այդպես էլ մինչև օրվա վերջ որևէ պարզաբանում չի եղել»:

Ավելի մանրամասն կարդացեք «Հակական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս