Քաղաքական վտարանդիները Մամեդյարովի ելույթի ժամանակ բողոքի ակցիա են անցկացրել Ստրասբուրգում
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի քաղաքական վտարանդիների խումբն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ-ի լիագումար նստաշրջանում՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթի ժամանակ:
Ակտիվիստները սրահի օթյակից վանկարկել են «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին»: Այն բանից հետո, ինչ ԵԽԽՎ-ի ղեկավար Անն Բրասորը ցուցարարներին խնդրել է պահպանել լռություն, ակցիան շարունակվել է լուռ ձևով: Ակտիվիստները կրել են կարմիր շապիկներ, որոնց վրա պատկերված են եղել ադրբեջանցի քաղբանտարկյալները:
Բրասորը Մամեդյարովին ելույթի իրավունք տալուց առաջ ցանկացել է պարզաբանում լսել Ադրբեջանում ընթացող գործընթացների կապակցությամբ՝ ընդգծելով, որ նկատի ունի ակտիվիստների կալանավորման դեպքերը, որոնք հարուցում են մտահոգություն: Բրասորն ընդգծել է, որ նախորդ շաբաթ գտնվել է Ադրբեջանում և հանդիպել է բանտարկվածներից մի քանիսի հետ:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանը լուրջ խնդիրներ ունի ԵԽ-ի չափորոշիչները պահպանելու հարցում, որոնք մասնավորապես վերաբերում են անկախ դատավարություն անցկացնելուն, ազատ արտահայտվելու ու ազատ հանրահավաքներ անցկացնելու իրավունքի պահպանմանը:
Մամեդյարովը, սակայն, չի ընդունել, որ Ադրբեջանում կան քաղբանտարկյալներ: