
Երկարատև աշխատաժամանակը կարող է տարբեր խանգարումներ առաջացնել

Օրվա մեծ մասն աշխատավայրում անցկացնող անձինք ավելի հաճախ են տառապում երկրորդ տեսակի դիաբետով: Չափից ավելի շատ աշխատանքը բարձրացնում է նաեւ սրտանոթային հիվանդությունների, սթրեսի, դեպրեսիաների ռիսկը, գրում է SF Gate-ը: Նման եզրահանգման են եկել ճապոնացի մասնագետները՝ արձանագրելով, որ շաբաթական 53 ժամից ավելի աշխատող անձինք ավելի շատ են հակված դիաբետի:
Գիտնականները համեմատել են ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ավստրալիայից եւ
Ճապոնիայից ավելի քան 222 հազար անձանց տվյալները, ովքեր աշխատել են շաբաթական 35-40 եւ 55 ժամ: Խիտ աշխատանքային օրակարգը բացասաբար է ազդում նաեւ քնի որակի վրա, ինչն էլ խախտում է ինսուլինի արտադրության պրոցեսը:
Ուշագրավ է նաեւ, որ այն անձինք, ովքեր շատ աշխատելուն զուգահեռ՝ նաեւ շատ են վաստակել, ավելի քիչ են դիաբետի հակվածություն ունեցել, քան շատ աշխատող, բայց ավելի քիչ վաստակող անձինք. վերջիններիս շրջանում դիաբետի ռիսկն աճել է 29%-ով: Սա նշանակում է, որ ավելի ապահովված անձինք ժամանակի բացակայության պատճառով առաջացող սթրեսի դեմ պայքարի ավելի մեծ ռեսուրս ունեն: