Հասարակության վերաբերմունքը պիտի փոխվի հոգեկան հիվանդների նկատմամբ
ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն այսօր տեղեկացրեց, որ Հանրապետությունում հաշվառված է 46 հազարից ավելի հոգեկան հիվանդություն ունեցող քաղաքացի: Նրա փոխանցմամբ՝ նրանցից մոտ 20 հազարը հաշմանդամություն ունի.
«Այս թիվը խոսում է այն մասին, որ մեր հիվանդությունները,ցավոք, բերում են հաշմանդամության: Հենց այս պատճառով էլ հոգեկան առողջության հետ խնդիրներ ունեցողները պետք է լինեն հանրության ուշադրության կենտրոնում: Այս տարի հոգեկան առողջության օրը նվիրված է շիզոֆրենիային: Դա այն հիվանդությունն է, որից մեր հանրությունը խուսափում է, վախով է խոսում: Այդ թյուր ըմբռնումը շատ է վնասում և՛ հիվանդներին, և՛ նրանց ընտանիքներին, և՛ ամբողջ հանրությանը: Մեր հանրապետությունում հաշվառված են 10 հազարից ավելի շիզոֆրենիայով և շիզոտիպիկ խանգարումներով տառապող անձիք: Պետք է ասեմ, որ հոգեկան հիվանդությունները բուժելի են, և չի կարելի է խարանել ու ասել, որ հիվանդն անբուժելի է»:
Ս. Թորոսյանի կարծիքով՝ հենց այս թյուրըմբռնումն է պատճառը, որ մարդիկ շատ հաճախ չեն դիմում բժշկին, չեն ուզում բուժօգնություն ստանալ: Նրա խոսքով՝ խարանն այսօր ամենամեծ խոչընդոտներից մեկն է նորմալ բուժօգնություն կազմակերպելու համար.
«Դա բոլորիս խնդիրն է, երբ մեր հիվանդների նկատմամբ լինում է խտրականություն, ծաղր ու ծանակ, երբ լինում է թեկուզ վախի զգացում՝ առանց հասկանալու, որ աշխարհի ազգաբնակչության 25%-ը կյանքի այս կամ այն պայմաններում ունենում է խնդիրներ՝ հոգեկան առողջության հետ կապված, այսինքն՝ պետք է մտածել, որ ամեն մի 4-րդի մոտ կարող են լինել նման խնդիրներ, և ամբողջ հանրությունը պետք է մտածի այդ խնդիրների լուծման մասին»:
Հոգեբույժի խոսքով՝ այդ խնդիրների լուծումն առաջին հերթին կայանում է նրանում, որ մենք պետք է լինենք շատ հանդուրժողական մեր հիվանդների նկատմամբ, ըմբռնումով մոտենանք նրանց, ընդգծված բարյացկամ վերաբերմունք ցուցաբերենք նրանց նկատմամբ, չլինի այնպես, որ հիվանդն իրեն զգա նվաստացած, հանրությունից օտարված. «Այսօր մենք հաճախ ենք խոսում այն մասին, որ նրանց պետք է նորից ինտեգրենք հանրությանը, բայց ինչո՞ւ պետք է նրանք վանվեին հասարակությունից, որ հիմա նորից ուզում ենք ինտեգրել: Հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը հայտարարված միամսյակի ընթացքում և հետո մենք ամեն ինչ անելու ենք, որ հանրության վերաբերմունքը փոխվի հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների նկատմամբ»:
Անդրադառնալով հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառներին՝ պարոն Թորոսյանն ասաց, որ այժմ սոցիալական խնդիրներն են մեծ տեղ զբաղեցնում այդ հարցում. «Սոցիալական վիճակն անմիջականորեն կապված է հոգեկան վիճակի հետ, այսինքն՝ սոցիալական ծանր պայմանները, լուրջ խնդիրները ևս կարող են խթանել հոգեկան հիվանդությունների քանակի աճին: Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում դիտվում է հոգեկան հիվանդություններով տառապող անձանց թվաքանակի աճ: Առհասարակ կան արտաքին և ներքին ազդակներ: Այստեղ պետք է խոսել գենետիկայի մասին և այն արտաքին ազդակների, որոնք այսօրվա վիճակով մենք զգում ենք մեր մաշկի վրա: Դրանք կարող են առաջացնել կամ սրել այս կամ այն խանգարումը՝ ինֆեկցիաները, ինտոքսիկացիաները, ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերի օգտագործումը և այլն: Այսինքն՝ հանրությունը պետք է մտածի առողջ ապրելակերպի մասին»: