Աղվան Վարդանյան. Դեղերի պարտադիր դրոշմավորման վերաբերյալ ոլորտի մասնագետների հետ քննարկում եղե՞լ է

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ դեղագործական ոլորտի ներկայացուցիչները նամակով դիմել են իրեն, որ հունիսի 18-21-ին ԱԺ արտահերթ նիստում որպես հրատապ հարց՝ հատուկ ընթացակարգով կառավարության կողմից 24-ժամյա անհետաձգելի ռեժիմով ընդունված «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխություններով նախատեսվում է նոյեմբերի 1-ից դեղերի պարտադիր դրոշմավորում, որի արդյուքում պետությունը լրացուցիչ ծախս է կատարելու, սակայն անպտուղ աշխատանք է արվելու, քանի որ լրացուցիչ մուտքեր բյուջե չեն ապահովվի:

«Տուժելու է քաղաքացին»,- ասաց Ա.Վարդանյանը՝ հավելելով, որ աշխարհի ոչ մի երկրում նման պիտակավորում չի կատարվում:

Նա հարցադրում արեց՝ որո՞նք են կառավարության հիմնավորումները և արդյոք ոլորտի մասնագետների հետ քննարկում եղե՞լ է, թե՞ ոչ:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համաձայնեց, որ հարցը բավականին մեծ արձանգանք ունի դեղագործական ոլորտի ներկայացուցիչների շրջանում. «Այս հարցի շուրջ կառավարության բարձրացրած քննարկումները հանգեցրել են եզրահանգման՝ շուկայում առկա փոքր կեղծ դեղերը կարիք ունեն պարտադիր հսկողության: Այդ առումով յուրաքանչյուր դեղ, որ ստեղծվում է ՀՀ-ում կամ ներմուծվում է, պարտադիր դրոշմապիտակավորվում է»: Նախարարը հայտարարեց, թե դա բացարձակ չի կարող ազդել դեղի գնի վրա, 2-3 դրամ, առավելագույնս 5 դրամ պետք է արժենա դրոշմավորումը, որը խոշորների համար գնային փոփոխություն չի առաջացնի: Ա.Մուրադյանը կարևորեց կեղծ դեղերի դեմ պայքարը:

«Բիոտեռորիզմի հետ կապված խնդիրները ոչ մեկը դեռ օրակարգից չի հանել»,- հայտարարեց նախարարը:

Ա.Վարդանյանի խոսքով՝ բնական կլիներ, եթե կառավարությունն այս հարցը քննարկեր ոլորտի պատասխանատուների հետ, բայց նման օրինակ չկա: Ըստ նրա՝ այդ հսկայական աշխատանքը անպտուղ գործ է լինելու, իսկ մեկ տարի հետո կերևա՝ բյուջեն ավելացա՞վ, թե՞ ոչ: «Այս հարցերը պետք է քննարկել: Առաջարկում եմ մի համատեղ քննարկում կազմակերպեք ոլորտի ներկայացուցիչների հետ՝ հասկանալու՝ անիմա՞ստ գործ է արվում, թե՞ իրոք ստվերի դեմ պայքար է»:

Ա.Մուրադյանը հավաստաիցրեց, որ որևէ բան չի կարող լինել սպառողի հաշվին: Նա նաև հայտարարեց, որ նամակ գրողը դեղագետ չէ, բիզնեսմեն է:

Տեսանյութեր

Լրահոս