
Այս նախաձեռնությունը գալիս է կյանքի փորձից, երբ կիրառվել է զենք. Թևան Պողոսյանը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի մասին

«Այս նախաձեռնությունը գալիս է կյանքի փորձից, երբ կիրառվել է զենք և ունեցել եք ճգնաժամային իրավիճակ»,- այսօր ԱԺ նիստում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի արտահերթ քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պագամավոր Թևան Պողոսյանը:
Ըստ նրա՝ պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսվում, քանի որ ԶՈՒ-ն ունեն իրենց խնդիրները. «Կարելի է տարբեր կերպով մեկնաբանել սահմանադրական կարգի խախտումը: Եթե վաղը տեռորիստական մի խմբավորում լինի, որ քաղաքի մեջ նրանց նպատակը մարդկանց վնասելն է, դուք դրանց առջև չեք տանելու ծանր զրահատեխնիկա, տանկեր: Դրա համար կան հատուկ ստորաբաժանումներ»:
ՀՀԿ-ական պատգամավոր Կորյուն Նահապետյանի կարծիքով՝ սահմանադրական կարգին սպառնացող իրադրության պայմաններում ԶՈՒ ներգրավումը ծայրահեղ միջոց է և հստակ սահմանված է, որ միայն այն դեպքերում, երբ ոստիկանության և անվտանգության ուժերը բավարար չեն, միայն այդ դեպքում ԶՈՒ-ն կարող է ներգրավվել: Կ.Նահապետյանը պնդեց, որ վիճարկվող դրույթները Սահմանադրությանը համապատասխանում են և ԶՈՒ-ն պահպանում է չեզոքություն: