Ինչպես Ալեք Մանուկյանը ստեղծեց ջրի միաբռնակ ծորակը
1940-ականների վերջերին Կալիֆոռնիայից մի հայտնագործող շրջում էր ԱՄՆ-ի գործարաններով՝ առաջարկելով գնել իր «հեղափոխական» հայտնագործության հեղինակային իրավունքները։ Հայտնագործության «հեղափոխականությունն» այն էր, որ տաք և սառը ջրերի երկու ծորակների փոխարեն՝ գործում էր միաբռնակ ծորակ։ Ամերիկացի ճարտարագետները հեգնեցին այդ գաղափարը, նրանցից մեկն անգամ, նայելով հայտնագործության նախագծին, ասաց.
«Կարծում եմ՝ մոռացել եք նկարել երկրորդ ծորակը»։ Միաբռնակ ծորակը հավանաբար այդպես էլ կմնար թղթի վրա, եթե հայտնագործողը չդիմեր Masco Screw Products ընկերությանը, որը զբաղվում էր բարդ մետաղական դետալներ արտադրելով և, լինելով ընդամենը տասը տարեկան կազմակերպություն՝ արդեն հասցրել էր դառնալ Ford և Chrysler գործարանների մշտական մատակարարողը։ Ընկերության ղեկավարներն էին Գարիկ Աճեմյանը, Չարլզ Սաունդերսը և Ալեք Մանուկյանը (Alex Manoogian)։ Հայտնագործողը ճիշտ դռներ էր բախել. Ալեք Մանուկյանի փորձառու աչքը միանգամից նկատեց ծորակի նախագծի մեջ հաջողված հեռանկար։ Մանուկյանը գիտակցեց, որ նախագծում կարելի է օգտագործել միայն մեկ շարժվող էլեմենտ, ինչը և՛ ձեռնտու է, և՛ հարմար, և՛ մատչելի։ «Ինչո՞ւ մի բան անել երկու ձեռքով, եթե կարելի է օգտագործել մեկը»,- կասեր նա ավելի ուշ՝ հայտնագործությունն իր անվամբ պատենտավորելուց հետո։ Մինչ այդ գնելով կալիֆոռնիացուց ծորակի հում նախագիծը՝ ընկերության ճարտարագետները Մանուկյանի գլխավորությամբ սկսեցին աշխատել այն ստեղծելու վրա։ 1954 թվականին աշխարհում առաջին միաբռնակ ծորակը պատրաստ էր։ Այն անվանեցին Delta` հունական եռանկյունաձև տառի պատվին, քանի որ միաբռնակ ծորակի վերևի հատվածը եռանկյուն էր հիշեցնում։
Սակայն միաբռնակ ծորակը միանգամից չէ, որ սկսեց մարդկանց տներում տեղ գտնել և օգտագործվել։ Masco Screw Products-ը դիմեց սանտեխնիկայով զբաղվող մի շարք ընկերությունների, սակայն ստացավ մերժում՝ մերժման ետևից։ Եվ հենց այդ ժամանակ Ալեք Մանուկյանը մի այնպիսի որոշում կայացրեց, որը նրան ապահովեց համաշխարհային հռչակ և փառք։ Նա որոշեց ինքնուրույն արտադրել և վաճառել միաբռնակ ծորակները։
Ընդամենը մի քանի օգնականներով նա սկսեց զբաղվել ծորակների վաճառքով, ինչն ինքնին տարօրինակ էր նայվում՝ հաշվի առնելով Ալեք Մանուկյանի՝ ընկերության տնօրեն և մեծահարուստ լինելու փաստը։ Ալեք Մանուկյանը սանտեխնիկայի աշխատողներին զեղչեր էր առաջարկում, նույնիսկ նվիրում էր իր ծորակները՝ միայն թե դրանք տեղադրվեին նորակառույց տներում կամ փոխարինեին վնասված ծորակներին։ Միաբռնակ ծորակներին բնակչությունը շուտ սովորեց. դրանք հարմարավետ էին և շուտ չէին փչանում։
Շուտով Մանուկյանը հասավ նրան, ինչին ձգտում էր ի սկզբանե՝ աշխարհը հետաքրքրվեց միաբռնակ ծորակներով, նրան սկսեցին դիմել բոլոր այն ընկերություններից, որոնք ժամանակին հեգնել էին այդ ծորակները։ Արդյունքում՝ արդեն 1958 թվականին միաբռնակ ծորակների վաճառքը բերեց այն արտադրողներին մեկ միլիոն դոլար։ Իսկ այսօր մեկ միլիոն միաբռնակ ծորակ է արտադրվում նույն կազմակերպության՝ Delta Faucet Company-ի կողմից, ամեն ամիս։
Այժմ Masco ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում աշխատում է Ալեք Մանուկյանի որդին՝ Ռիչարդ Մանուկյանը։ Մանուկյան կրտսերի գործարանում միաբռնակ ծորակներն արտադրվում են երեք անվանումներով՝ Delta, Peerless, Sherle Wagner, ծորակների գները տատանվում են 40-ից մինչև 1000 դոլարի սահմաններում՝ կախված մետաղի թանկարժեքությունից։