Բաժիններ՝

Ճտերը հաշվելու ժամանակն է. Բագրատ Ասատրյան

«Աշունը եկել է, ճտերը հաշվելու ժամանակն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես սկսեց իր խոսքը տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Ըստ նրա՝ Համաշխարհային բանկը դեռ հուլիսին աշխարհում զարգացումների ընդհանուր միտումը բացասական էր գնահատել, այդ թվում՝ ՌԴ-ում կանխատեսվող նվազումները շատ մեծ էին, ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ ՌԴ տնտեսությունն այս տարի 0.2% աճ կունենա: Բ.Ասատրյանը շեշտեց, որ սա հուլիսյան գնահատականն է և չի արտացոլում պատժամիջոցների ազդցությունը, և այս գնահատականը տարածվում է նաև գալիք տարիների վրա, որ ՌԴ տնտեսությունը չի աճելու: Նա նշեց, որ այս գնահատականները նաև ՌԴ վերլուծաբաններն ու պաշտոնյաներն են հնչեցնում, պաշտոնական կանխատեսումներով՝ ՌԴ ՀՆԱ աճը այս տարի 0.6% կլինի, բայց պետք է հաշվարկել, որ նավթի գների նվազումը միջազգային շուկաներում շարունակվում է, արդեն 10%-ից ավելի է և վերջին մեկ տարում նավթի գինն այժմ ամենացածրն է՝ 1 բարելը 96 դոլար:

«Հայաստանում վիճակը լավ չի և գնալով ավելի է վատանում: Պաշտոնյաները ոգևորված են խոսում, բայց լավ չեն պատկերացնում իրավիճակը,- ասաց Բ.Ասատրյանը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալները, որ թեև 8 ամսում 4.1% աճ է եղել նախորդ տարվա համեմատ, բայց արդյունաբերական արտադրանքի աճն ընդամենը 0.9% է, շինարարությունը՝ 0.4%, գյուղոլորտի աճը՝ 4.9%, որը, ըստ նրա, բավականին տպավորիչ է, բայց մեր երկրում հաշվառման միասնական կանոնները բացակայում են և դա միայն գնահատականներ են,- Գյուղմթերքի կեսից ավելին արտադրանք չի դառնում, օրինակ, հաշվառում են տանձի ծառի ծաղիկը, որը դեռ բերք էլ չի դարձել և հայտնի չէ՝ կդառնա, թե ոչ»:

Նշելով, որ ՀՀ-ում առևտուրը 5.7% է աճել, ծառայությունները՝ 6.2%, Բ.Ասատրյանը ասաց, որ, ամենայն հավանականությամբ, որոշ տեղաշարժ է եղել, ստվերի մի մասը կրճատվել է. «Այլապես ես չեմ պատկերացնում, թե ինչի հաշվին է առևտուրն աճել»:

Կարդացեք նաև

Բանախոսի կարծիքով՝ ֆինանսական հոսքի՝ ներդրումների և տրանսֆերտների կրճատումն արդեն իր ազդեցությունն է թողնում բանկային համակարգի վրա. «Նախորդ տարիներին բանկային համակարգում տպավորիչ՝ 15-20% աճ է եղել, իսկ այս տարի կիսամյակի արդյունքներով կա նույնիսկ նվազում»: Բ.Ասատրյանը կանխատեսեց, որ այս տարի ՀՀ-ն կամփոփի լավագույն դեպքում 2.5% աճով, որը հավասարաոր է զրոյականի, և արդյունքում արտագաղթը կշարունակվի, սոցիալական վիճակի բարելավում չի լինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս