Բաժիններ՝

Ռումինացի քաղաքապետները համագործակցության համաձայնագրեր կստորագրեն հայ գործընկերների հետ

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ռումինացի քաղաքապետների պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝փոխվարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հայկական կողմը կարևորում է բարեկամ Ռումինիայի հետ ապակենտրոնացված մակարդակով փոխգործակցության խորացումը: Նա նկատել է, որ երկու երկրների միջև այդ ձևաչափով համագործակցության բավականին հետաքրքիր հնարավորություններ են առկա ու գոհունակությամբ արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին նոր կապեր են հաստատվում գործընկեր քաղաքների միջև, գործակցության շրջանակներն աստիճանաբար ընդլայնվում են:

«Հայաստանի կառավարությունը խրախուսում է բարեկամ երկրների նահանգների և քաղաքների հետ ուղիղ շփումները, որոնք նպաստում են ինչպես առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, այնպես էլ ժողովուրդների միջև սերտ շփումների հաստատմանը»,-նշել է փոխվարչապետը:

Ռումինացի քաղաքապետերը ներկայացրել են իրենց քաղաքների հնարավորությունները, տնտեսության ավանդական և հեռանկարային ուղղությունները ՝ ընդգծելով, որ շահագրգռված են Հայաստանի գործընկեր քաղաքների հետ հարաբերությունների զարգացմամբ: Հատկապես հետաքրքիր է համարվել զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտներում գործակցությունը:

Երկկողմ կապերի խորացման գործում կողմերը նաև ընդգծել են Ռումինիայի հայ համայնքի կարևոր դերը: Նշվել է նաև, որ Ռումինիայում հայկական մշակութային ժառանգության հուշարձանների, հատկապես՝ հին հայկական եկեղեցիների առկայությունը հետաքրքիր կարող է լինել զբոսաշրջային ուղղության զարգացման տեսանկյունից:

Ռումինական պատվիրակության այցի ընթացքում նախատեսվում է համագործակցության համաձայնագրերի ստորագրում Տավուշի մարզի և Տուլչա նահանգի, Էջմիածին- Սուչավա, Աշտարակ-Բոտոշան, Ալավերդի-Գեորգեն, Վայք – Թրգու Օկնա, Ծաղկաձոր- Սինայա քաղաքների միջև, իսկ Իջևանը և Գեռլան կվավերացնեն 2012թ. ստորագրված համագործակցության համաձայնագիրը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս