ՎՊ-ն առողջապահության ոլորտում արձանագրել է խախտման 72 դեպք՝ 25,039 մլն դրամի չափով
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Արա Բաբլոյանի նախագահությամբ, սեպտեմբերի 23-ին քննարկվել են ՀՀ վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության՝ առողջապահության ոլորտի ուսումնասիրությունների արդյունքները:
Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Վերահսկիչ պալատի վերահսկող հանձնաժողովի նախագահ Վարդան Գեւորգյանը ներկայացրել է կատարված ուսումնասիրությունների արդյունքները:
Նա տեղեկացրել է, որ վերահսկողությունն իրականացվել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ծրագրերի, Հայաստանում դեղերի շրջանառությանն ուղղված գործողությունների, ինչպես նաեւ «Առողջապահական» ԾԻԳ-ի կողմից իրականացվող վարկային եւ դրամաշնորհային ծրագրերի նկատմամբ:
Ըստ այդմ՝ նախորդ տարում 36.0 եւ ավելի միավոր ունեցող անձանց տրամադրվել է 2567 ծառայություն՝ շուրջ 330 մլն դրամ ծավալով: Ընտրանքային սկզբունքով ստուգվել է 6 բժշկական հաստատություն, 164 մլն դրամ ստուգման ծավալով: Արձանագրվել է խախտման 72 դեպք՝ 25,039 մլն դրամի չափով:
ՀՀ վերահսկիչ պալատն ուսումնասիրություններ է կատարել սոցիալապես անապահով քաղաքացիներին պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության կազմակերպման, տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայությունների, հեմոդիալիզի անցկացման ծառայությունների, դեղերի շրջանառության, գնումների, սարքավորումների ձեռքբերման գործընթացների ուղղությամբ:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ասել է, որ Վերահսկիչ պալատի դիտողություններն ու առաջարկները հիմնականում արտացոլում են ոլորտում եղած խնդիրները: Նա հավաստիացրել է, որ նախարարությունը շարունակելու է դրանք շտկելու քայլերը` համագործակցելով Վերահսկիչ պալատի հետ:
ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն էլ նշել է, որ քննարկումը կնպաստի գտնել կարգավորման արդյունավետ եղանակներ: