Ա. Մարտիրոսյանը՝ ՀՅԴ-ին. Եթե իրենք ցանկանում են՝ Սերժ Սարգսյանը միշտ մնա, թող ուղիղ այդպես էլ ասեն
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն օրերս «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հազորդաշարի ժամանակ՝ խոսելով ոչ իշխանական եռյակի՝ սահմանադրական բարեփոխումներին դեմ լինելու մասին՝ ասել էր. «Իրենք տեսել են, որ իշխանության մակարդակով կա մի բաց՝ հաջորդ նախագահական ընտրություններին տեսնում են՝ պոտենցիալ թեկնածու գոյություն չունի, հավանական են համարում, որ իրենց թեկնածուն այս ամայության մեջ կունենա հնարավորություն ընտրվելու: Մոռացան իրենց 2012 թվականի ասածները, մոռացան այսքան տարիների ասածները, խոսում էին համակարգային փոփոխությունների մասին, մոռացան, որ Ազգային ժողովի ընտրությունները 2017 թվականին են տեղի ունենալու, նախագահական ընտրությունը՝ 2018 թվականին, և փորձում են ծուռ հայելու մեջ ցույց տալ խնդիրը: Ժողովրդին չեն կարողանում ասել՝ Ժողովուրդ, մենք Սերժ Սարգսյանին ուզում են փոխարինել մեր Սերժ Սարգսյանով, բայց երկրի մեջ ոչ մի փոփոխություն չպետք է լինի: Իրենք ուզում են գործող նախագահ Սերժ Սարգսյանին փոխարինել իրենց Սերժ Սարգսյանով՝ առանց երկրի մեջ փոփոխություն մտցնելու, դրա համար են դեմ սահմանադրական փոփոխություններին»:
168.am-իհետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այպես արձագանքեց Հրանտ Մարգարյանի այս դիտարկումներին.
«Եթե իրենք ցանկանում են՝ Սերժ Սարգսյանը միշտ մնա, թող ուղիղ այդպես էլ ասեն: Երկրորդն էլ՝ մեր ցանկությունը դա չէր, միանշանակ, որևէ չակերտավոր Սերժ Սարգսյանի հարց չի քննարկվել, ինքը դա լավ գիտի: Համենայն դեպս, երբ կուսակցությունների նախագահները հանդիպեցին (Գագիկ Ծառուկյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը), նման հարց չի քննարկվել, և մեր ցանկությունն է, որ մենք իսկապես բարեփոխում իրականացնենք և ոչ թե թույլ տանք, որ իշխանությունը նորից վերարտադրվի, ոչ միայն իշխանությունը: Իրենք այնքան էլ ուղիղ չեն ասում:
Այն, որ Հանրապետական կուսակցության վերարտադրման համար ներկա Սահմանդրությունը ևս հարմար է, դա այդպես է, բայց այն, որ Սերժ Սարգսյանն այս Սահմանդրությամբ չի կարող վերարտադրվել, դա արդեն այդպես չէ: Ներկա Սահմանդրությամբ արդեն կլինի նոր նախագահ, իսկ նոր նախագահը, բոլորը շատ լավ գիտեն, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը, որ ինքն իր ձեռքում կենտրոնացնելու է բոլոր ռեսուրսները, և վաղ թե ուշ լինելու է իսկապես հերթական մեկ Սերժ Սարգսյան: Բայց քանի որ իրավիճակ է փոխվում, եթե մենք իսկապես հասնենք փոփոխությունների՝ արտահերթ ընտրությունների, կունենանք նորմալ, իսկապես ընտրված իշխանությունը, որը կարծում եմ՝ անմիջապես կանցնի բարեփոխումների իրականացմանը:
Համենայն դեպս, եթե «ժառանգությունը» եղավ իշխանություն, ինքն անմիջապես անցնելու է բարեփոխումների իրականացմանը, և մենք նաև ընթացակարգերն ենք ապահովելու»:
Ա. Մարտիրոսյանը այս սահմանադրական բարեփոխումները բարեփոխում չի համարում: Ըստ նրա՝ դա Սահմանադրությունը հարմարեցնելն է իրավիճակին, որի արդյունքում Սերժ Սարգսյանը՝ որպես Ազգային Ժողովի նախագահ, Հանրապետականն էլ՝ մեծամասնություն, կշարունակեն իշխանավարել»:
Խոսելով հոկտեմբերի 10-ին կայանալիք հանրահավաքի մասին՝ Հ. Մարգարյանն ասել էր, որ եռյակի համար սահմանադրական փոփոխությունները փրկություն են, քանի որ 12 կետը ամփոփելով՝ նրանք չեն կարող պահանջել Հովիկ Աբրահամյանի հրաժարականը:
Մեզ հետ զրույցում Ա. Մարտիրոսյանն ասաց, որ հանրահավաքի հետ կապված հարցերի քննարկման օրը, անկախ նրանից՝ նրանք ինչ կասեն, ներքին խոհանոցը չի բացելու, բայց ամեն ինչ այդպես չի, ինչպես ներկայացնում են. «Խնդիր չկա, եթե իրենց քաղաքական մոտեցումը դա է, որպես քաղաքական գործիչ՝ ինձ հասկանալի և ընդունելի է, բայց թող մեզ չմեղադրեն այն բաների մեջ, ինչը հստակ է բոլորի համար, ուղղակի պարզորոշ է, թե երկրում ինչ իրավիճակ է: Իրենց կուսակցական դիրքորոշումը կարող է այդպիսին լինել, բայց պետք չէ այդ ամեն ինչը կատարել՝ մեղադրելով մնացածին»:
«Ժառանգության» փոխնախագահն ասաց, որ պետք չէ իրենց մեղադրել անսկզբունքայնության մեջ, հակառակը՝ հենց իրենք են սկզբունքային, որ պաշտպանում ենք այդ համակարգը, փորձում են գոնե այդ համակարգը զերծ պահել այն ամենից, ինչ տեղի ունեցավ նախագահական և կիսանախագահական համակարգերի հետ.
«Երբ Սահմանադրությունը, այսպես ասած, կարվեց հատուկ անձերի, իշխանությունների հագով, և ձևավորվեց այս համակարգը, մենք գոնե պետք է ունենանք մի համակարգ, որը մաքուր է մնում և դրա համար մենք իսկապես պայքարում ենք խորհրդարանական համակարգի համար, և հենց դա է պատճառը, որ մենք կոնկրետ առաջարկներով ենք հանդես եկել, որ եթե իշխանությունների մտադրությունը իսկապես ազնիվ է, և իսկապես բարեփոխում են իրականացնում, ապա իրենք պետք է կատարեն այն 3 առաջարկները, որ մենք իրենց ներկայացրել էինք՝ բովանդակաին քննարկկմանը մասնակցելու համար»: