«Արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կառուցման անդառնալի ուղիով»

Սեպտեմբերի 22-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը: ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ դեսպան Պապիկյանն իր խոսքում ընդգծեց, որ արդեն 23 տարի է, ինչ Հայաստանի Հանրապետությունն ընթանում է ժողովրդավարության կառուցման անդառնալի ուղիով, և այդ ճանապարհին կարևոր է նաև Եվրոպայի խորհրդի օժանդակությունը: Խոսելով ՀՀ անկախության տարիների ձեռքբերումներից՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը դինամիկ զարգացող ժողովրդավարությամբ պետություն է՝ հիմնված ԵԽ արժեքների և սկզբունքների վրա:

Ըստ հաղորդագրության՝ մարդու իրավունքները, օրենքի իշխանությունը, ժողովրդավարությունը Հայաստանում զուտ կարգախոսներ չեն, այլ` պետության զարգացման մարտավարության անքակտելի բաղադրիչներ: Ընդունելությանը ներկա էին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ստրասբուրգի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս