Բաժիններ՝

Լևոն Հայրապետյանի միջնորդավճարը՝ 50 մլն դոլար. «Վեդոմոստի»

Ռուսական «Վեդոմոստի» թերթը հետաքննական հոդված է հրապարակել ներկայում «Բաշնեֆտ» ընկերության մեջ մտնող վառելիքաէներգետիկ ձեռնարկությունների բաժնետոմսերը Բաշկիրիայի սեփականությունից հափշտակելու վերաբերյալ քրեական գործի մասին, գրում է civilnet.am-ը: Այս քրեական գործի շրջանակում անցյալ շաբաթվա սկզբին մեղադրանքներ են առաջադրվել ռուսական «Սիստեմա» ընկերության հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ և 60 տոկոսի բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովին: Հուլիսին այս գործով ձերբակալվել է արցախցի գործարար Լևոն Հայրապետյանը: Հոդվածում նշվում է, որ Հայրապետյանը «Բաշնեֆտի» վաճառքի գործարքից 50 մլն դոլար միջնորդավճար է ստացել։

Ինչպես «Վեդոմոստիին» պատմել են գործին մոտ կանգնած աղբյուրները, Եվտուշենկովին մեղադրանք է առաջադրվել Բաշկիրիայի նախկին նախագահ Մուրթազա Ռախիմովի որդու` Ուրալ Ռախիմովի դեմ ապրիլի 28-ին հարուցված քրեական գործի շրջանակում: Գործով տուժած կողմ է ճանաչվել Բաշկիրիայի գույքի և հողային հարաբերությունների նախարարությունը, որը բաժնետոմսերի հափշտակումից կրած վնասը գնահատել է ավելի քան 209 մլրդ ռուբլի (կամ մոտ $5,5 մլրդ` ներկա փոխարժեքով): Հուլիսի կեսին Մոսկվայի Բասմանյան շրջանի դատարանը ՌԴ Քննչական կոմիտեի միջնորդությամբ ձերբակալեց «Բաշնեֆտի»` «Սիստեմային» պատկանող քվեարկելու իրավունք ունեցող բաժնետոմսերի 85%-ը:

«Վեդոմոստիի» զրուցակիցների խոսքով` բաշկիրական էներգետիկ ձեռնարկությունների բաժնետոմսերի հափշտակման գործը հետևյալ զարգացումն է ունեցել: Այս տարվա ապրիլին Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, որը 2007-ից ցմահ ազատազրկում է կրում մի շարք ծանր հանցագործությունների համար, ցուցմունք է տվել առ այն, որ «Սիստեմայի» ներկայացուցիչները Հայրապետյանի միջնորդությամբ Ռախիմով կրտսերին օգնել են օրինականացնել Բաշկիրիայից գողացված ունեցվածքը` ընդհանուր $7 մլրդ-ի: Դա տեղի է ունեցել 2009-ին` «Սիստեմայի» կողմից Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի ձեռնարկությունների բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի ժամանակ:

Ինչպես պատմել է հետաքննության տվյալներին ծանոթ աղբյուրը, Ռախիմով կրտսերի ստեղծած խումբը մինչև 2003թ. մասնավորեցման ընթացքում հափշտակել է Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի վեց ձեռնարկությունների, այդ թվում` «Բաշնեֆտի» բաժնետոմսերի խոշոր փաթեթներ: Նույն տարում ՌԴ Հաշվիչ պալատի ստուգումը հաստատել է, որ բաժնետոմսերը ոչ իրավաչափորեն դուրս են բերվել պետական սեփականությունից, ավելի ուշ հարուցվել են գործեր` սկզբում քրեական, հետո հարկային և արբիտրաժային:

«Իր խնդիրների լուծման համար Ռախիմովը ներգրավել է իշխանության մարմիններում մեծ կապեր ունեցող Հայրապետյանին: Վերջինս ազդեցություն է գործել որոշ պաշտոնատար անձանց վրա, որոնց էլ հաջողվել է հասնել բաշկիրական ձեռնարկությունների բաժնետոմսերի վրա Մոսկվայի միջնորդ դատարանի կողմից մինչև 2006թ. սահմանված կալանքի վերացմանը: Դա թույլ է տվել բաժնետոմսերը փոխանցել Ուրալ Ռախիմովի օգնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամներ, այնուհետ` առևտրային մի քանի կազմակերպությունների: Գողացված ունեցվածքն օրինականացնելու նպատակով Ռախիմովն ու Հայրապետյանը գտել են «Սիստեմայի»` ձեռնարկությունների գնման հարցում հետաքրքրված ներկայացուցիչներին և 2009թ. նրանց են վաճառել բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթները` $2 մլրդ-ի: Հետաքննությունն այս գումարը համարում է ցածրացված: Ըստ հետաքննության տվյալների` «Սիստեման» հավելյալ $5 մլրդ է փոխանցել Ուրալ Ռախիմովի կողմից վերահսկվող հաշիվներին` արտասահմանյան բանկերում: Փոխանցումներն իրականացվել են Հայրապետյանի կողմից վերահսկվող հաշիվների միջոցով` Շվեյցարիայի, Ավստրիայի և Հայաստանի բանկերում: Ինքը` Հայրապետյանը, միջնորդության համար ստացել է $50 մլն, վստահեցնում է քննությունը»,- գրել է թերթը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս