
Թուրքական հեռուստաալիքը տուգանվել է՝ Քիմ Քարդաշյանի հասցեին վիրավորական արտահայտության համար

Hurriyetdailynews.com-ի փոխանցմամբ՝ թուրքական Habertürk հեռուստաալիքը տուգանվել է 600 000 թուրքական լիրայով՝ հեռուստաշոուներից մեկի ժամանակ թուրք պատմաբան, հաղորդավար Մուրատ Բարդակչըի կողմից հեուստալսարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի եւ հոլիվուդյան աստղ Քիմ Քարդաշյանի հասցեին թույլ տված վիրավորական արտահայտության համար: Որոշումը կայացվել է Թուրքիայի հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի կողմից:
Բարդակչըին Habertürk մասնավոր հեռուստաալիքի շոուներից մեկի ժամանակ հեռարձակել էր Շառլ Ազնավուրի Sur Ma Vie երգը, ինչի համար սոցցանցերում քննադատության էր արժանացել ՝ «հայկական երգ հեռարձակելու համար»:
«Ասում են, ինչպես եք համարձակվում հայկական երգ հեռարձակել: Դուք այն իրականում չեք լսել. դա ֆրանսիական երգ է, երգիչն է հայ,-ասել է Բարդակչըն շոուի ժամանակ եւ ավելացրել.-Դուք հիմար եք եւ ապուշ: Այդ դեպքում ինչո՞ւ եք նայում Քիմ Քարդաշյանի հետույքին: Նա էլ է հայ»: Հենց այս արտահայտությունն էլ խորհուրդը վիրավորական է համարել թե հեռուստադիտողի, թե Քիմ Քարդաշյանի նկատմամբ: