Բաժիններ՝

Եկեղեցական-ներկայացուցչական ժողովը հանդես է եկել հայտարարությամբ

Սեպտեմբերի 18-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Եկեղեցական-ներկայացուցչական հինգերորդ ժողովը, որին մասնակցում էին Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Հայրապետական պատվիրակությունների, Հայաստանի և Սփյուռքի թեմերի առաջնորդներն ու աշխարհական պատվիրակները, Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամները:

Ժողովի ավարտին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ 150 ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ, որում ասվում է.

«Փառք և գոհություն ենք հայտնում մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին, որ սեպտեմբերի 18-21-ն առիթն ունեցանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, թեմերից, հայրապետական պատվիրակություններից համախմբվելու հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ատենապետությամբ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի և Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, մասնակցելու Եկեղեցական-ներկայացուցչական Ե ժողովին: Մեծապես կարևորելով եկեղեցական-ներկայացուցչական ժողովների դերը Հայոց Եկեղեցու վարչակազմակերպական կյանքի կանոնակարգման, Հայոց Եկեղեցու և հայ հավատացյալների առջև ծառացած բազում մարտահրավերների քննարկման, լուծումների առաջադրման և հաղթահարման գործում` գոհունակությամբ ենք արձանագրում անցնող տարիների ընթացքում ժողովի կողմից իրականացված աշխատանքները, մասնավորապես Հայոց Եկեղեցու թեմական ուղենշային կանոնադրության փաստաթղթի մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության պատրաստության և տարբեր ժողովական կառույցների համակարգման, եկեղեցական կյանքում առկա խնդիրների վերհանման ուղղությամբ:

Արձանագրելի է, որ եկեղեցական, ազգային և հայրենի մեր կյանքի դրական զարգացումների ու ձեռքբերումների կողքին լուծումներ պահանջող շատ հրամայականներ ու մարտահրավերներ ունենք նաև, որոնք պիտի հաղթահարենք միասնական կամքով և հանձնառությամբ: Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի ոգեկոչման շեմին ենք, երբ մեր Եկեղեցին պիտի կատարի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը: Պատմական այս հանգրվանում միասնական ոգով արդարության մեր ձայնը պիտի շարունակենք հնչեցնել ի լուր աշխարհի, որպեսզի նորանոր պետություններ, մասնավորապես Թուրքիայի Հանրապետությունը, և ազգեր ճանաչեն և դատապարտեն 20-րդ դարում տեղի ունեցած առաջին Ցեղասպանությունը` դրանով իսկ կանխարգելելով նման ոճրագործությունների կրկնությունը մարդկության կյանքում: Մեր ժողովրդի պատմության այս տարեթիվը պետք է աշխարհասփյուռ հայորդիներիս համար առիթ դառնա միասնության` անկախ մեր անձնական հայացքներից ու կարգավիճակից` մեր հայացքը նորովի հառելու Հայրենիքին, այն զորացնելու և նրանով զորանալու, և ծաղկեցնելու հայոց կյանքը հանուր աշխարհում: Ուրախությամբ ենք հաստատում, որ տարեցտարի հոգևոր կյանքի աշխուժություն է նկատվում Հայրենիքում և աշխարհասփյուռ մեր համայնքներում, հուսադրող է հատկապես նոր սերնդի գործուն մասնակցությունը եկեղեցական տարբեր կառույցներում: Միևնույն ժամանակ անհանգստությամբ և մտահոգությամբ ենք արձանագրում առկա մարտահրավերների և խնդիրների մասին` կարևորելով հատկապես հայկական ինքնության և նկարագրի պահպանությունը, մայրենի լեզվի իմացության խթանումը, ազգային-հոգևոր արժեհամակարգի կենսագործումը և հայորդիների լիարժեք մասնակցությունն ազգային-եկեղեցական կյանքին: Գոհունակությամբ ենք անդրադառնում, որ 2015թ. սեպտեմբերի 27-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տեղի պիտի ունենա Մյուռոնօրհնության սրբազան արարողություն: Վստահ ենք, որ ազգային-եկեղեցական կյանքի կարևոր այս իրադարձությունն իր համախմբող խորհրդով վերստին նոր խանդավառություն ու ոգի պիտի հաղորդի աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Այսօր համայն հայության ուշադրությունը կրկին սևեռված է Արցախ աշխարհի սահմանների և սահմանամերձ բնակավայրերի վրա, ուր շարունակվում է լարված մնալ իրավիճակը: Ցավոք, վերջին շրջանում Հայրենիքի պաշտպանության համար նաև հայորդիներ զոհվեցին` իրենց անձնազոհությամբ փաստելով հայ զինվորի քաջարի, հաղթական և աննկուն ոգին: Խոնարհում ենք բերում նրանց լույս հիշատակի առջև, աղոթում նրանց հոգիների խաղաղության համար և մեր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին այն հաստատ համոզմամբ, որ իմացյալ մահով նրանք հավերժացան և իրենց կյանքը զոհեցին հանուն Հայրենիքի և նրա գալիք պայծառ օրվա: Մեր քաջալերությունն ենք բերում հայրենի սահմանները պաշտպանող մեր զինվորներին` մաղթելով նրանց զորավոր կամք և խաղաղ ծառայություն: Մեր զորակցությունն ենք հայտնում նաև հայրենի իշխանություններին` Ղարաբաղյան հակամարտությունը, հակառակ Ադրբեջանի կողմից պարբերաբար կազմակերպվող սադրիչ գործողությունների, բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով լուծելու ձգտման մեջ:

Այսօր, ամենքիս շարունակում է անհանգստացնել Սիրիայում ու Իրաքում տիրող պատերազմական իրավիճակը և հայության ծանր կացությունը Մերձավոր Արևելքի երկրներում: Խորին ցավ հայտնելով հակամարտության հետևանքով Սիրիայի և Իրաքի ժողովուրդների կրած կորուստների և պատճառված ավերածությունների համար` մենք, որպես աշխարհասփյուռ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ներկայացուցիչներ, պիտի շարունակենք հնարավոր աջակցությունը ցուցաբերել Սիրիայի և Իրաքի ժողովրդին, մեր քույրերին և եղբայրներին` հաղթահարելու դժվարին պայմանները: Մտահոգված ենք նաև Ուկրաինայում տիրող ծանր կացությամբ և աղոթում ենք փոխըմբռնման ոգով խնդրի շուտափույթ հանգուցալուծման համար:

Աղոթում ենք, որ Աստծու օգնականությամբ և միջազգային հանրության գործուն ջանքերով օր առաջ Մերձավոր Արևելքում հաստատվի խաղաղությունն ու համերաշխությունը, Սիրիայում, Իրաքում և Ուկրաինայում հակամարտության մեջ հայտնված մեր համայնքները հավատով և լավատեսությամբ հաղթահարեն առկա խնդիրներն ու դժվարությունները: Դարերի բազում դժվարությունները վերապրած Միածնաէջ Ս. Տաճարում մասնակցությամբ Ս. Պատարագին ՀՀ Անկախության տոնին ամենքս մեր ծառայանվիրումի ուխտն ենք վերանորոգում հանդեպ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին և Մայր Աթոռ Ս. Էջմիածինը` աստվածային նախախնամական զորակցությամբ ազգային-եկեղեցական անդաստանում ավելի արդյունավորելու մեր անսակարկ սպասավորությունն ու առաքելությունը: Կոչ ենք ուղղում նաև մեր ժողովրդի բոլոր զավակներին` գործուն մասնակցություն բերել հայրենի մեր երկրի շենացման սրբազան գործին, համախմբվել մեր Ս. Եկեղեցու սրբազան հավատքի շուրջ, պահպանել ու շենացնել հայ կյանքն ու ինքնությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում` ամենուր: Թող խաղաղության Աստված լինի հովանավոր և զորավիգ մեր ու աշխարհի բոլոր ժողովուրդներին այսօր, միշտ և հավիտյանս»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս