
Հայաստանն ու ԱՄՆ-ն ունեն գործընկերության հարուստ պատմություն. Օբաման շնորհավորել է Անկախության տոնի առթիվ

Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության եւ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Այդ մասին ասվում է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի՝ Հայաստանի Անկախության տոնի առթիվ հղած ուղերձում:
«Հարգելի պարոն նախագահ,
Ամերիկայի ժողովրդի հետ միասին բարեմաղթանքներ եմ հղում սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայաստանն ու Միացյալ Նահանգներն ունեն գործընկերության եւ բարեկամության վրա հիմնված հարաբերությունների հարուստ պատմություն: Մարդկանց միջեւ շփումները, մշակութային եւ տնտեսական կապերը, որոնք միավորում են մեր երկրները, տպավորիչ են եւ ոգեշնչող: Մենք գնահատում եւ հարգում ենք Հայաստանի մշակութային հարուստ ժառանգությունը, ինչպես նաեւ այն մեծ ավանդը, որը տարիների ընթացքում հայկական ծագմամբ ամերիկացիները ներդրել են Միացյալ Նահանգներում: ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները մնում են ամուր, եւ մենք առաջիկա բազում տարիների համար եւս ակնկալում ենք համագործակցության շարունակում եւ խորացում»,- Սերժ Սարգսյանին հղած ուղերձում ասել է Բարաք Օբաման: