Բակո Սահակյանը ՀՀ անկախության տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ մեր ողջ ժողովրդին Անկախության տոնի առթիվ:
Սեպտեմբերի 21-ը պատմական ու հիշարժան օր է համայն հայության կյանքում: Այն նշանավորվեց որպես հայոց պետականության վերածննդի օր, ինչի համար մեր ժողովուրդը շատ է պայքարել: Սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, հայրենի հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը միշտ ուղեկցել է մեր նախնիներին, դարձել գերագույն նպատակ եւ ազգային ինքնության պահպանման ու գոյատեւման միակ ուղին:
Եվ արդեն 23 տարի է, ինչ մենք ընթանում ենք այդ ճանապարհով` ազգովի հաղթահարելով բոլոր դժվարություններն ու կերտելով փառավոր հաղթանակներ: Այդ հաղթանակները մենք ձեռք ենք բերել անասելի զրկանքների ու կորուստների գնով, ինչն էլ պարտավորեցնում է մեզ միշտ լինել զգոն ու աչալուրջ, համատեղ ու միասնական ջանքերով օր օրի ամրապնդել ու զորացնել հայոց անկախ պետականությունը: Հայաստանը եւ Արցախը հանդիսանում են համայն հայության հայրենիքը, եւ նրանց զարգացումն ու բարգավաճումը պատվի ու արժանապատվության խնդիր է յուրաքանչյուր հայի համար:
Վստահ եմ, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ մենք այսուհետ էլ կկարողանանք հաջողությամբ լուծել մեր ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները եւ արձանագրել նոր ձեռքբերումներ ու հաղթանակներ:
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք` ի բարօրություն Մայր Հայաստանի ու հայ ժողովրդի»: