Բաժիններ՝

10 տարի անց Ռուսաստանը կունենա լիովին այլ տնտեսություն. Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը համոզմունք է հայտնել, որ 10 տարի անց Ռուսաստանում կլինի «լիովին այլ տնտեսություն»։ Այդ մասին Մեդվեդևն ասել է սեպտեմբերի 20-ին «Россия-24» հեռուստաալիքի եթերում։

«Մենք նոր տնտեսություն կստանանք։ Ոչ մեկ տարում, ոչ երկու, սակայն ես լիովին համոզված եմ, որ 10 տարվա հեռանկարում մենք կունենանք լրիվ այլ, մոդերնիզացված տնտեսություն», — ասել է ՌԴ կառավարության ղեկավարը՝ վստահություն հայտնելով, որ դա տեղի կունենա՝ չնայած այսօր գոյություն ունեցող սահմանափակումներին։

Միևնույն ժամանակ, Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմամբ։ «Եթե եվրոպացի գործընկերները չցանկանան ինչ-որ աբսուրդային որոշումներ ընդունել՝ մեզ այդ շուկայից դուրս մղելու համար, ապա մենք կմնանք այնտեղ, մեզ դա հետաքրքիր է», — ասել է Մեդվեդևը։ Նա ավելացրել է, որ նման համագործակցությունը ձեռնտու է երկու կողմերին, սակայն Ռուսաստանի դեմ ճնշումները շարունակելու դեպքում Ռուսաստանը քայլեր կձեռնարկի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ ապրանքաշրջանառությունը մեծացնելու ուղղությամբ։

Մեդվեդևը նաև ռուսաստանյան ընկերություններին կոչ է արել զբաղվել սեփական բրենդերի զարգացմամբ։ Որպես օրինակ՝ նա նշել է Չինաստանը, որին հաջողվել է գործարար հեղինակություն ձեռք բերել և շուկաներ նվաճել։  «Չինական տնտեսությունը շատ հզոր է դարձել, բարձրացել է այդ երկրում արտադրվող ապրանքների որակը, և այժմ «պատրասստված է Չինաստանում» մակագրությունը ոչ ոքի չի վախեցնում։ Հակառակը, շատերին գրավում է, քանի որ ենթադրում է գնի և որակի լավ համադրություն»,- ասել է ՌԴ վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս