Տիգրան Խզմալյան. Հոկտեմբերի 27-ը հստակ ժամկետն է, երբ մենք կորցրեցինք անկախությունը

Հայաստանի Հանրապետությունն այսօր տոնում է Անկախության հռչակման 23-րդ տարեդարձը: Կրկին հայրենասիրական խոսքեր` հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացման մասին, կենացներ, ուղերձներ պետական այրերից, տոնական միջոցառումներ Երևանում և մարզերում և, իհարկե, հրավառություն (ի դեպ, այս տարի Անկախության տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման համար կառավարությունը տրամադրել է 53 միլիոն դրամ): Երևանի փողոցները զարդարված են ՀՀ պետական դրոշներով, ամենուր տոնական տրամադրություն է, արտաքուստ, կարծես, ամեն ինչ լավ է. երկիրը շարունակում է ապրել, զարգանալ: Բայց որքանո՞վ է այդ անկախությունն իսկական, գուցե այն հռչակագրայի՞ն, ձևակա՞ն մակարդակի վրա է: Իսկ գուցե այն ավելի նվա՞զ է, քան առաջին տարիներին:

Չէ՞ որ անկախությունը բացարձակ արժեք է, գագաթ, որին ժողովուրդները ձգտում են անդադար: Անկախությունը երբեք բավարար չի լինում, ինչպես ազատությունը: «Տարեք ձեր ուսերին այնքան անկախություն, որքան կարող եք»,- ասում էր ժողովրդավարական Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինը: Ուրեմն որքա՞ն անկախություն ենք մե´նք տանում մեր ուսերին, եթե հաշվի առնենք այժմյան քաղաքական իրավիճակը և իշխանությունների վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը:
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցեց Նախախորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ:

– Պարոն Խզմալյան, Անկախության հանրաքվեից 23 տարի անց որքանո՞վ եք անկախ համարում Հայաստանը, և Ձեր կարծիքով՝ որո՞նք են այսօր երկրի անկախությանը սպառնացող վտանգները:

– 23 տարին, իհարկե, հասակ է: Որոշ երկրներում մարդը 21 տարեկանից համարվում է չափահաս, և ԱՄՆ-ում, օրինակ, կարող է ծխախոտ և գարեջուր գնել: Այսինքն` մենք արդեն երկու տարի կարող էինք ծխել, բայց մեզ մոտ ճիշտ հակառակը ստացվեց. մենք ավելի անկախ էինք Երրորդ Հանրապետության առաջին տարիներին, երբ հանրապետությունը մանկահասակ տարիքում էր, մինչդեռ հիմա մենք կորցրել ենք անկախությունը:

Եվ այսօր տոնել անկախությունը կարող ենք նույն հիմքով, ինչ Ռազմածովային նավատորմի օրը: Հայաստանն այլևս անկախ երկիր չէ: Մենք չնկատեցինք` ինչպես դա կատարվեց: Դա, իհարկե, իրականացվում էր դանդաղ և քայլ առ քայլ, բայց կարելի է արդեն նշել հստակ օրը, որովհետև դա ոչ միայն Հայաստանի հետ էր կապված, այլ, ինչպես պարզվեց, հետխորհրդային զարգացումների տրամաբանությունն էր:

Կարծում եմ` 1999 թ. հոկտեմբերի 27-ը խորհրդանշական օրերից մեկն էր կամ հստակ ժամկետը, երբ մենք, դեռ չգիտակցելով, կորցրեցինք անկախությունը և, փաստորեն, դարձանք (հիմա արդեն դա պարզ է) վերստեղծվող մի խորհրդային դավադրության առաջին զոհերից մեկը:

– Իսկ ինչո՞ւ Հայաստանն անկախ չէ, ի վերջո, ինչո՞վ է չափվում այդ անկախությունը:

– Անկախությունը գործընթաց է և աշխատանք: Քաղաքական, պետական անկախություն նախևառաջ՝ նշանակում է իշխանության թևերի անկախություն: Եթե վերամբարձ բառեր չասենք` ազատություն և այլն, կուրծք ծեծելու մակարդակի բաները մի կողմ դնենք, անկախ է այն պետությունը, որտեղ իշխանությունը կախված է ժողովրդից: Կախյալ են այն պետությունները, որտեղ ժողովուրդը, հասարակությունը կախված է կառավարությունից, որտեղ ժողովուրդն ի վիճակի չէ օրինական, սահմանադրական ճանապարհով փոխել իշխանությունը: Մեզ մոտ հենց այդ իրավիճակն է մոտավորապես 1996 թվականից, քանի որ այդ ժամանակվանից ընտրական մեխանիզմը դադարեց գործել:

– Այսինքն` իշխանության լեգիտիմության պակասն ազդում է ինքնիշխանության վրա:

– Լեգիտիմության պակասն արդեն նշանակում է, որ կախված չլինելով սեփական ժողովրդից` իշխանությունը կախման մեջ է ընկնում ուրիշ աղբյուրներից, որովհետև իշխանությունն ապահովվում է դրսի ուժերից, և հենց դա է տեղի ունեցել մեզ մոտ: Մենք չունենք անկախություն միջազգային ասպարեզում և չունենք անկախություն երկրի ներսում, որովհետև իշխանության երեք թևերն անկախ չեն. դատական թևը կախված է գործադիրից, օրենսդրականը նույնպես կախված է գործադիրից և բիզնեսից: Անկախության ամենակարևոր պայմանն իշխանության թևերի (օրենսդիր, գործադիր և դատական) անկախությունն է իրարից: Մեզանում դա գոյություն չունի, գոյություն ունի մաֆիական մի կլան: Ուրեմն ներքին անկախության մասին խոսելն ավելորդ է: Իսկ դրսից կախվածության տոնը մենք պետք է նշենք ոչ թե սեպտեմբերի 21-ին, այլ սեպտեմբերի 3-ին. այս տարի լրացավ մեր պաշտոնական կախվածության առաջին տարին:

– Դրոշը, զինանշանը, հիմնը, բարձրաստիճան պաշտոնյաների խրոխտ ելույթները՝ «հայ ժողովրդի դարավոր երազանքի», «անկախության սերնդի» մասին, սեպտեմբերի 21-ին ամենամյա տոնական միջոցառումները բավարար չե՞ն անկախ պետություն կոչվելու համար:

– Դուք երևի դժվարությամբ եք զսպում ձեր քմծիծաղը, և ես գնահատում եմ այն կամքը, որը ստիպում է ձեզ մինչև վերջ տալ այդ հարցը: Հարցն այնքան հռետորական է, որ նույնիսկ ամոթ է դրան անդրադառնալը:

Վերջերս մասնակցում էի մի հեռուստահաղորդման, որը նվիրված էր Անկախության տոնին: Հիմնականում կանչել էին ծերունազարդ մարդկանց և զինվորականներին, ովքեր կիսվում էին պատերազմի տարիների մասին իրենց հիշողություններով, այսինքն` իրենք անկախությունն ընկալում են՝ որպես մասնակցություն Արցախյան պատերազմին, մինչդեռ անկախությունը միանշանակ պատմական իրադարձություն չէ:

– Այսինքն` անկախությունը միայն անցյալը չէ՞:

– Ո՛չ, ընդհանրապես: Անկախությունն ամուսնության պես բան է. դու կարող ես ամուսնանալ, բայց սիրել պարտավոր ես ամեն օր: Իսկ մենք ամուսնացանք ու գնացինք կազինո, սիրուհիներ հավաքեցինք, խոպան գնացինք, ուրիշ ընտանիքներ կազմեցինք: Սեր չկա: Անկախությունը նույն բանն է: Մենք հռչակեցինք անկախություն և մոռացանք այդ մասին, սկսեցինք վատնել այն խոպաններում, կազինոներում, կաբարեներում, և ամեն ինչ վերջացավ: Իհարկե, անկախ չենք… Ավա՜ղ:

 

Տեսանյութեր

Լրահոս