Շատերի համար հարստանալը, շատ ուտելը, ուտելուց պայթելը, շատ ավելի կարևոր է, քան ազատ ստեղծագործելը

«Երեկ մի ժուռնալիստ ինձ հարցում է՝ «Հեշտ էր, չէ՞, վաստակել անկախություն՝ Սովետական միությունը քանդվեց, բոլոր երկրներն անկախացան»: Ամենևին էլ այդպես չէր, կրակոցներ էր, զոհեր էին, շրջափակում էր, պատերազմ էր, իսկ երկրաշարժի գոտում ուղղակի՝ քաոս, ավերածություն, ու այդ պայմաններում դեռ Սովետական միությունը կար՝ ամբողջական, իր հզոր ուժերով և պայքարում էր, որ հանրապետությունները չանկախանային»,- անկախության հասնելու տարիներն այսպես վերհիշեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Ա. Մանուկյանն ասում է, որ հայերը խելոք էին, որ գնացինք քիչ կորուստների, դա այն էր, որ Հայաստանն անկախացավ Սովետական միության գործող օրենքներով.

«Սովետական միության հանրաքվե հայտարարվեց և շատ հանրապետություններ մասնակցեցին: Մենք հայտարարեցինք նույն այդ օրենքով Հայաստանի անկախության մասին հանրաքվե, ու այդ հանրաքվեն կայացավ 6 ամիս հետո: Ոչ մի հանրապետություն այն ժամանակ հանրաքվեով անկախութուն չհռչակեց: Մենք արեցինք համաժողովրդական հանրաքվե, իսկ համաժողովրդական հանրաքվեն, իրավաբանական տեսակետից, ամենաբարձր լեգիտումություն ունեցող փաստաթուղթն ու անկախությունն է»:

Ըստ Ա. Մանուկյանի՝ ամոթ է, որ հարցնում են՝ անկախությունը մեզ պե՞տք էր. «Ամոթ է, որ մարդու անգամ մտքի մի անկյունում կա այդպիսի հարց: Տարօրինակ է, երբ մարդկանց մոտ հարց է առաջանում, արժե՞ր արդյոք լինել անկախ: Կա դրա բացատրությունը: Երբ ուսուցիչը, ղեկավարը, նախարարը, պատգամավորը, նախագահը չեն հասկանում այդ արժեքը, երբ ապահովություն է փնտրում անարժանապատվության մեջ, ստացվում է այսպիսի բան: Քանի որ մեր շատ ղեկավարները, պատգամավորները, այսօրվա աթոռին նստածը շատ են սիրել ուրիշի ենթակայությամբ ապրելը, իրենց համար ֆիզիոլոգիական անկախությունը, կամ հարստանալը, շատ ուտելը, ուտելուց պայթելը, շատ ավելի կարևոր է, քան ազատ ստեղծագործելը: Այս մարդիկ անկախությունը չեն սիրում ու չեն մատուցում ուրիշներին, իսկ այն մատուցելը պետական գործ է»:

Լրագրողներից մեկի այն դիտարմանը, որ այս 20 տարիները ցույց տվեցին, որ անկախ Հայաստանը չունի այն ռեսուրսները, որ Սովետական Հայաստանի ամբողջ բնակչությանը կերակրի, այն բոլոր ձեռնարկությունները, որոնք աշխատում էին Սովետական Հայաստանում, փորձը ցույց տվեց, որ իրենք չեն կարողանում հիմա աշխատել ու նույնքան աշխատատաեղ ապահովել, Ա. Մանուկյանն այսպես պատասխանեց. «Լիբանանը մեր նման երկիր է, միայն ծաղկեց իր խելքի, բանկային համակարգի, ֆինանսական ճշգրիտ քաղաքականություն վարելով: Չխոսացող մարդը լսում է հազար անգամ ուժեղ: Երբ մի տեղից թուլանում ես, մնացած բաները սկսում են շատ ավելի լավ աշխատել: Մինչև 1995 թվականը Հայաստանը համարվել է ռեգիոնի ամենադեմոկրատ երկիրը: Դեմոկրատիան նշանակում է՝ դու ապահովում ես ներդրողին, քո քաղաքացին գալիս է քո երկիր ապահով, այդ ժամանակ տուրիզմն է զարգանում, ներդրումները, բանկային համակարգը և այլն: Այսինքն՝ խելքի խնդիր է: Երկիր ղեկավարելը միայն ռեսուրս չէ, շնորհք է»:

Այս ընթացքում հիմնական ձեռքբերումը Ա. Մանուկյանը համարում է բարոյական արժեքը, երբ հայը հասկացավ, որ իր երկրի տերն է. «Սիրադեղյան Վանոն ասում էր՝ «անկախության ճանապարհին մի քայլ կա, երբ դու զգաս, որ դու քո երկրի տերն ես, մնացած քայլերն ինքն իրեն ստացվում են»: Այսինքն՝ այն պահին, երբ դու մածես, որ դու կարող ես լինես քո երկրի տերը, անկախությունը կայացած է: Եկան այս ավիրողները և ոչնչացրին այդ հոգեբանությունը: Ամենամեծ վնասը այդ հոգեբանության ոչնչացումն է, որ այսօր բոլորը Ռուսաստան են գնում, բոլորը ցեղասպանությամբ են միայն զբաղված, այն պահին, որ հիմա ցեղասպանություն է կատարվում հենց Հայաստանում: Այսօր Հայաստնում կարող էր լինել 2 միլիոն ավել մարդ: Ո՞ւր է այդ 2 միլիոնը: Այսօր Հայաստանը կործանվում է, կորցնում է իր անկախությունը»:

 

Տեսանյութեր

Լրահոս