Բաժիններ՝

Բոլորը լռում են ամենա(չ)կարևորի մասին

Սահմանադրական փոփոխությունների թեման վերջին օրերին այնքան է քննարկվել, որ սոցիալական ցանցերում ակտիվ օգտատերերն արդեն սկսել են մեկը մյուսին հեգնել։ Բոլորը նշում են, որ բոլորը սահմանադրագետ են դարձել։ Մի կողմ թողնենք՝ ճի՞շտ է սահմանադրական փոփոխություններ կատարելը, թե՞ ոչ. դա իրոք սահմանադրագետների գործն է։ Մի կողմ թողնենք նաև, թե որքանով է արդարացված եռյակի դիրքորոշումը՝ այս պահին դեմ հանդես գալ սահմանադրական փոփոխություններին։ Մի կողմ թողնենք ՀՅԴ-ին և մյուսներին։

Ավելի լավ է խոսենք անկեղծության մասին։

Այսինքն՝ որքանո՞վ է եռյակն անկեղծ, երբ հիմնավորում է սահմանադրական փոփոխություններին դեմ լինելը։ Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ մասնավորապես ՀԱԿ-ից բավականին անկեղծ ձևակերպումներ հնչել են։ Մարդիկ ընդունում են, որ Հայաստանին անհրաժեշտ է նոր Սահմանադրություն՝ 100%-անոց համամասնական ընտրակարգով։ Բայց անկեղծ ասում են, որ ավելի լավ է այս պահին դա չընդունել, որովհետև Սերժ Սարգսյանին իշխանությունից զրկելու համար այդպես է պետք։ Դա նրանց մարտավարությունն է (կամ՝ ռազմավարությունը)։ Սակայն հնչել ու շարունակում են հնչել նաև «կռուտիտ» հիշեցնող հիմնավորումներ։ Այդ հարցում ամենից ակտիվ եղել և մնում է ԲՀԿ-ն, որը երկրի նախագահի անունն աշխատում է հնարավորինս չհոլովել և ամեն ինչ կապում է սոցիալ-տնտեսական վիճակի հետ։

Օրինակ, այս տարվա ապրիլի սկզբին ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը հենց այդ գիծն էր առաջ տանում «Կենտրոն» հեռուստատեսության եթերում։ Օսկանյանի գլխավոր փաստարկն այն էր, որ այսօր ժողովրդի առաջ այնպիսի բարդ խնդիրներ են կանգնած (հիմնականում` տնտեսական), որ պետք է կենտրոնանալ դրանց վրա։ «Այսօր ժողովրդի պահանջը ոչ թե սահմանադրական փոփոխություններն են, այլ տնտեսական բարեփոխումները։ Այսօր ժողովրդի պահանջն իր կյանքի մեջ փոփոխություններն են, իր օրվա հացի խնդիրն է»,- ասում էր Օսկանյանը։
Ի դեպ, այս թեզն առաջ է քաշվում նաև այսօր. կան ավելի հրատապ խնդիրներ՝ կուտակային համակարգ, արագաչափեր, կարմիր գծեր, գործազրկություն, արտագաղթ… Ի՞նչ սահմանադրական փոփոխություններ՝ այս դժվարին պահին։

Ընդունենք, որ այդպես է։

Ընդունելուց հետո առողջ բանականությունը ստիպում է մտածել, որ եռյակը պետք է ակտիվ քննարկման առարկա դարձնի սոցիալ-տնտեսական խնդիրներն ու լուծման ուղիներ առաջարկի։

Իսկ այսօր ո՞րն է ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա ազդող ամենալուրջ գործոնը, ո՞րն է ամենամեծ ռիսկը։ Կասկած չկա, որ այսօր ամենամեծ ռիսկերը գալիս են Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներից։ Ոչ ոք այլևս չի վիճարկում, որ այդ պատժամիջոցներն ազդելու են Հայաստանի վրա։ Ռուսական ռուբլին աննախադեպ թուլացել է. փոխարժեքն իջել է պատմական մինիմումին։ Բորսայական ինդեքսներն անկում են ապրում։ Միջազգային հեղինակավոր կառույցները Ռուսաստանի համար կանխատեսում են ընդամենը 1 տոկոսանոց աճ, իսկ հաջորդ տարվա համար՝ ստագնացիա, լճացում։

Սրա արդյունքում՝ նվազեցվել են նաև Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները, քանի որ Հայաստանի տնտեսությունը վտանգավոր աստիճանի խորը կախվածություն ունի ՌԴ-ից։ Մասնավորապես, այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը Moody’s-ի կողմից 3.2%-ից նվազեցվել է 2.1%-ի։ Թուլանալու է ՌԴ-ից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների աճի տեմպը, երկկողմ առևտուրն ու ներդրումները։
Ընդ որում, որքան այդ պատժամիջոցները խստացվեն (ինչը տեղի է ունենում), այնքան ավելի շատ ենք զգալու այդ բացասական ազդեցությունը։ Եվ որքան մերձենանք ու ինտեգրվենք ռուսաստանյան տնտեսական տարածքին, այնքան ցավոտ ենք զգալու տնտեսական հարվածը։ Դառնալով Եվրասիական տնտեսական միության անդամ՝ ռիսկի տակ ենք դնելու տնտեսությունը, որն այսօր էլ փայլուն վիճակի մեջ չէ։

Կարճ ամփոփենք՝ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակն այսօր մեծապես կախված է Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցությունից։

Եվ ուրեմն, եթե եռյակի համար ամենակարևորն այսօր սոցիալ-տնտեսական խնդիրներն են, ապա քննարկման առարկա պետք է դառնար նաև ԵՏՄ-ին անդամակցության հարցը։ Չենք ասում՝ անպայման դեմ արտահայտվեն, ուղղակի պետք է բարձրաձայնեն այն տնտեսական ռիսկերի մասին, որոնք ավելի առարկայական են դառնալու։ Գոնե քննարկեն։
Բայց… ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը, ասել է. «Սա ընդհանրապես ամենակարևոր հարցը չէ»:

Այստեղ արդեն անկեղծությունը վերջանում է։ Որովհետև դրանից ավելի անկեղծ լինելն արդեն ձեռնտու չէ ոչ մեկին։ Բոլորը (թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ այլընտրանքը) ընդունում են գլխավոր կանոնը՝ չի կարելի ասել որևէ բառ, որը հնարավոր է՝ ռուսներին դուր չգա։ Ըստ այդմ, չի կարելի խոսել նաև ՌԴ-ից եկող տնտեսական ռիսկերի մասին։ Որովհետև ինչ-որ «ձյաձյաների» դա կարող է դուր չգալ ու ի չիք դարձնել երբևէ իշխանության գալու հույսերը (այդ «ձյաձյաների» օգնությամբ)։ Դրա համար էլ, երբ լրագրողները քառյակ-եռյակի ներկայացուցիչներին խնդրում են մեկնաբանել, թե ի՞նչ ազդեցություն կունենան պատժամիջոցները Հայաստանի վրա, հնչում են հիմնականում ոչինչ չասող, ցրողական պատասխաններ։

Այսինքն, թե՛ եռյակի, թե՛ իշխանության համար ամենամեծ ռիսկն այսօր ռուսաստանյան ռիսկերի մասին խոսելն է։ Իսկ մնացածը, ինչպես ասում են, ընդհանրապես ամենակարևոր հարցերը չեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս